«Ուրախությունը և ծիծաղը պետք է լավ օգտագործենք» (տեսանյութ)

«Ծիծաղենք լիաթոք ու լիարժեք»,-սա է հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդն ապրիլի 1-ի՝ Ծիծաղի օրվա առթիվ։ Այսօրվա իմաստն, ըստ նրա՝ այնքան խորն է, որ մենք խաբելով հանդերձ՝ պետք է վերջապես հասկանանք, որ այլևս չպետք է խաբված լինենք։ «Իսկ որպեսզի մեզ չխաբեն, պետք է սովորենք մարդկանց ճանաչել»։

Առօրյայում անխուսափելի սթրեսներից դուրս գալու լավագույն միջոցներից մեկն էլ հոգեբանը համարում է ծիծաղն ու հումորը։ «Մենք կարող ենք տխուր վիճակներից դուրս գալ՝ ծիծաղելով»։

Հարցին, թե մենք՝ հայերս, կարողանո՞ւմ ենք լիարժեք ուրախանալ, տիկին Ծատուրյանն ասաց. «Բավականին տեղաշարժ եղավ։ Օրինակ 30 տարի առաջ մեզնից պահանջվում էր լինել շատ սոլիդ։ Ծիծաղող մարդը նույնիսկ մի քիչ ոչ նորմալ մարդու տպավորություն էր թողնում որոշ առումներով։ Իհարկե, հումորը, որ ցույց են տալիս հեռուստատեսությամբ, հաճախ դրա մեջ լինում են անմակարդակ բաներ։ Բայց մյուս կողմից մարդիկ ծիծաղում են։ Ուրեմն եթե որևէ մեկը նայում է նման բան, իրեն ճիշտ համապատասխանում է»։

Իսկ այն մարդիկ, ովքեր ուրախանալ չգիտեն, ըստ հոգեբանի՝ բարդ վիճակում են. «Նա իրեն չի զգում շատ հաջողակ, ինքնագնահատականը ցածր է,  սովորաբար այս ամենը կա այն մարդու մոտ, ով ուրախանալ և ծիծաղել չգիտի։ Ուրախությունը և ծիծաղը մենք պետք է լավ օգտագործենք։ Տխրող մարդը չի կարող լավ պայքարել և մենամարտել»։