Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հր. Թովմասյան. Դիտորդական կազմակերպությունները անգրագետ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mher1

Լրագրողներին 4+4+4 ֆորմատի քննարկումներից հեռացնելուց հետո նիստերի սրահում լարվածությունը պահպանվել է: Երկար ժամանակ չէր որոշվում՝ ինչի՞ց սկսել։ Մասնակիցները փաստում են՝ կա 5 առաջարկ գումարած եւս երկուսը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, իրավապաշտպան  Արտակ Զեյնալյանն անմիջապես նկատում է, թե ինչից պետք է սկսել. «Մեզ անհանգստացնում է հետեւյալ հարցը՝ համապետական ընտրություններում 500-ից 600 հազար ընտրողների թվի ավելացման հիմնախնդիրը»: Դավիթ Հարությունյանն սկսում է տեսախցիկներից. ինքը դեմ չէ, բայց տեսախցիկը կեղծիք կանխող չէ: Հրայր Թովմասյանն ուզում է հասկանալ՝ արդյո՞ք տեղամասում խախտում կատարելու ազդանշան է հանկարծ փչացած տեսախցիկը. «Կամերան ճանապարհային երթեւեկության փչացել ա: Չի նշանակում, որ ես խախտում եմ արել»,- ասում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին հետաքրքիր է, թե հենց ընտրություններում ո՞րն է իշխանության զոհողության սահմանը. «Մինչեւ ու՞ր է պատրաստ էսօր իշխանությունն ի դեմս ձեզ գնալ, ասենք, ինչպիսի՞ պատասխանատվություն կարա ստանձնի եւ ինչպիսի՝ ոչ»,- հարցնում է փաստաբան Տիգրան Եգորյանը: Այդ սահմանը չի ուրվագծվում: Կողմերն անցնում են մատների թանաքոտմանը: Հրայր Թովմասյանը եւ Դավիթ Հարությունյանը մի քանի փաստարկ են բերում մատների թանաքոտման դեմ: Լեւոն Զուրաբյանը փորձում է հասկանալ, թե ինչն է մտահոգում ընտրությունները կեղծող իշխանությանը: Դավիթ Հարությունյանն ափերից դուրս է գալիս. «Ուրեմն Դու ես կեղծողը, կարգին խոսիր: Էկել ես ստեղ քննարկման, ոչ թե՝ դու պիտի կեղծես: Չափավորիր քո տոնը: -Հանգստացիր, յա: Էդ տոնով չխոսաս հետս»: Այս վեճը շարունակվում է որոշ ժամանակ: Տիգրան Եգորյանն առաջարկում է՝ գուցե մենք դու՞րս գանք: Հանրապետական Հովհաննես Սահակյանի նյարդերն են տեղի տալիս. «Փորձեք դուրս եկեք: Բան ա մենք էլ պիտի արձագանքենք: -Այսինքն, դա ինչի՞ ա բերելու: -Մենք չենք եկել ստեղ նստած՝ պոտենցիալ ընտրակեղծարարներ, մեզ էլ ասում են՝ կեղծիք եք անելու, իրանք էլ եկել են... –Անձամբ մեր կարծիքով դիտորդական կազմակերպությունները կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները: Ի՞նչ խնդիր կա էդտեղ»: Այստեղ արդեն Հրայր Թովմասյանը չի կարողանում զսպել իր հույզերը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հասցեին. «Ես էլ կարծում եմ, որ դիտորդական կազմակերպություններում դեմագոգ, կիսագրագետ, անգրագետ են, դրսից սնվող: -Դուք էդպե՞ս եք կարծում: Ես արձանագրեցի ձեր կարծիքը»: Կրքերն ի վերջո հանդարտվում են: Քննարկումները շարունակվում են էլեկտրոնիկայի միջոցով՝ ընտրությունների ընթացքի վրա մարդկային գործոնը բացառելու ուղղությամբ: Աշխատանքային հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը: