Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեառնընդառաջին մասնակցում են նաև աթեիստները. լուսանկարներ

Հասարակություն
trnd

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, ինչպես և մայրաքաղաքի ու մարզերի մյուս եկեղեցիներում, այսօր ասեղ գցելու տեղ չկար: Բոցկլտացող կրակի շուրջ հավաքված տասնյակ մարդիկ սպասում էին իրենց հերթին` թռչելու Տեառնընդառաջը խորհրդանշող խարույկի վրայով: Երիտասարդներից ոչ պակաս խանդավառությամբ ցանկանում էին թռչել նաև տարեցները: Խարույկից քիչ այն կողմ պար էին բռնել, տոնի ընթացքում բաժանվում էր նաև համեղ փոխինձ: Իսկ խարույկի վրայով թռչողները պարբերաբար հայտնվում էին կոնֆետի, աղանձի ու բոված եգիպտացորենի տարափի տակ: dezz trndd Մեկ տարի առաջ ամուսնացած Հռիփսիմե և Վահե Գևորգյանները, բազմաթիվ նորապսակ զույգերի նման, այսօր եկել էին մասնակցելու խորհրդավոր տոնին. «Շատ ուզում էի, որ գայինք և մենք էլ թռչեինք կրակի վրայով: Ասում են, որ այն մաքրում է և կարևոր է, որ տոնին մասնակցեն հատկապես այն զույգերը, որոնք դեռ երեխա չունեն»,-նշեց Հռիփսիմեն: «Ես, ճիշտն ասած, այնքան էլ հակված չէի Տեառնընդառաջին մասնակցելու, քանի որ աթեիստ եմ: Սակայն կինս ցանկացավ և որոշեցի, որ այնուամենայնիվ, գանք»,-ասաց Վահեն: trrndddzz Որն է տոնի խորհուրդը. «Տեառնընդառաջը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այսօր, ժամերգությունից հետո, սկսվեց նախատոնակը: Եվ մարդիկ մեծ ոգևորությամբ մասնակցում են»,-մանրամասնեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Հարցին, թե երբ զույգերից մեկն աթեիստ է, տոնը միասին նշելը որքանով է ընդունելի եկեղեցու կողմից, քահանան նշեց. «Նրանք էլ մեր զավակներն են և հուսանք, որ իրենք էլ դարձի կգան և քրիստոնեական հավատքով կապրեն»: Իսկ արդյոք նշանադրությունից հետո զույգերը կարող են նշել Տեառնընդառաջը, թե սա միայն ամուսնացածների համար է, քահանան շեշտեց, որ տոնին բոլորն էլ կարող են մասնակցել: trtrn Ի դեպ` վաղը եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Տոնի առիթով այսօր հանդիսավոր թափորով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իջավ Մայր Տաճար, որտեղ Վեհափառ Հայրապետը հանդիսապետեց Երեկոյան ժամերգությունը: Ժամերգության ավարտին կատարվեց նախատոնակ, ապա նաև տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի կարգը, որով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը` Հայրենիքն ու Ամենայն Հայոց Հայրապետությունը, բնակավայրերն ու նրանց բնակիչները, վանքերն ու եկեղեցիները և տարվա պտղաբերությունը: Վերջում «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառված մոմով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց բարեպաշտ ժողովրդին: trr Այնուհետև եկեղեցականների թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջաբակ, ուր, ներկայությամբ բազում ուխտավոր հայորդիների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Տոնի առիթով Նորին Սրբությունը խաչեր ընծայեց ներկա մանուկներին: Խարույկի շուրջ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան ազգային երգերի կատարումներով: