Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին ամոթանք է տվել փաստաբաններին

Քաղաքականություն
gaspari-nkar1

«Անամոթներ, ես չեմ ուզում ձեր պաշտպանությունը, հեռու մնացեք ինձանից»,- այսպիսի գրությամբ պաստառներ այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարին փակցրել է Փաստաբանների պալատի շենքում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գասպարին՝ նշելով, որ հրաժարվում է հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից:  Նա այսօր գնացել էր պարզաբանում  ստանալու հանրային պաշտպանի գրասենյակից, թե ինչ լիազորությամբ է հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը փորձել ծանոթանալ կամ ծանոթացել իր գործի նյութերին: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Վարդգես Գասպարիի գործի քննությունը: Ըստ մեղադրանքի՝  նա  դատական նիստերից մեկում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության ներկայացուցիչների եւ դատավորի հասցեին: Գործով դատական նիստերին բերման են ենթարկում, իսկ դատարանը գործով  արդեն ներգրավել է  երկու հանրային պաշտպան:  Առաջին պաշտպանի դեպքում հանրային պաշտպանի գրասենյակը հրաժարվել էր ծառայություններ մատուցել՝ նշելով, որ Գասպարին դա չի ցանկանում: Հիմա դատարանը գործով ներգրավել է նոր հանրային պաշտպան: Դատական հաջորդ  նիստը նշանակվել է փետրվարի 15-ին: Դատարանը որոշում է կայացրել Գասպարիին բերման ենթարկելու վերաբերյալ: