Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում հետազոտել են սպիտակցիների ուղեղը

Հասարակություն
c202d3160485ecf356ef88234c61cca6

1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում: Հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական ստրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է: Այն հանդիպում է բռնությունների կամ բնական աղետների զոհերի, ինչպես նաեւ՝ պատերազմի միջով անցած զինվորականների եւ քաղաքացիական անձանց մոտ: Արդյունքում, հիվանդությամբ տառապող անձը հիվանդությունն առաջացրած իրադարձությունից տասնամյակներ անց դեռ շարունակում է հոգեբանական ստրես վերապրել: Այսօր Աֆղանստանից եւ Իրաքից Միացյալ Նահանգներ վերադարձած զինվորականների մի մասը տառապում է հետտրավմատիկ սինդրոմից: Գիտնականների խոսքով, այս հիվանդությունն ավանդական ընկճախտ կամ հոգեկան խանգարում չէ: Հոգեբանների խոսքով, այս հիվանդության հետ կապված բազմաթիվ հարցեր մինչ օրս առեղծված էին մնում: Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մի շարք գիտնականներ հետազոտել են 1988-ին Սպիտակի երկրաշարժից տուժած մի խումբ մարդկանց՝ փորձելով գենետիկ մակարդակով տարբերություններ գտնել հետտրավմատիկ սինդրոմով տառապող եւ չտառապող,աղետի գոտուց դուրս եկածների միջեւ: Հետազոտման արդյունքներն անսպասելի էին նույնիսկ գիտնականների համար: Պարզվել է, որ ուղեղի աշխատանքի համար պատասխանատու երկու գեներ կարող են հետտրավմատիկ սինդրոմի հակում ստեղծել: Այսպես, այդ երկու գեների որոշակի ձեւն ունեցող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել մոռանալ անցյալում իրենց հետ տեղի ունեցած հոգեբանական ծանր ստրեսը: Գիտնականների խոսքով, արդյունքները թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ սինդրոմի բուժման հարցում ու օգնել դրա դրանից տառապող անձանց վերջապես մոռանալ անցյալի ծանր փորձությունները եւ վայելել լիարժեք կյանք: Ամերիկայի ձայն