Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հնարավորություն՝ սկսնակ մոդելավորողներին

Հասարակություն
moda

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ArmMod Fashion նախագիծը, որն ուղղված է Հայաստանում նորաձեւության զարգացմանը, հայկական արտադրանքի տարածմանը եւ երիտասարդ մոդելավորողների մասնագիտական զարգացմանը: Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր ամիս ցուցադրություններ են կազմակերպվելու, որի ընթացքում երիտասարդ ու սկսնակ դիզայներները կկարողանան ցուցադրել իրեն հավաքածուները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագծի հեղինակ Ռուբինա Գրիգորյանն ասաց, որ հաճախ մոդելավորողները, ովքեր նոր են ավարտել բուհը, միջոցներ եւ հնարավորություն չեն ունենում ցուցադրել իրենց աշխատանքները, այդ պատճառով էլ իր մոտ առաջացել է միտք՝ օգնել նրանց դառնալ ճանաչելի: Բացի այդ, նախագիծը եւս մեկ նպատակ է հետապնդում՝ գովազդել հայկական արտադրանքը: «Մեր կարգախոսն է՝ հայկականը նորաձեւ է: Ուզում ենք սերմանել այն միտքը, որ կրելով հայկական արտադրության հագուստ, դուք ավելի նորաձեւ եք, քան արտասահմանյան ապրանքանիշի հագուստ կրելու դեպքում»,-ասաց Գրիգորյանը: Ասուլիսին ներկա՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանն էլ իր խոսքում նշեց, որ նախագծի միջոցով սկսնակ դիզայներները կծանոթանան ապագա գործատուների եւ գնորդների հետ, քանի որ ցուցադրությունների ժամանակ հագուստը վաճառքի կհանվի: ArmMod Fashion նախագծին կարող են մասնակցել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտները եւ ուսանողները, ինչպես նաեւ երիտասարդ ստեղծագործողներ՝ ամենատարբեր մասնագիտությունների: Նախագծի առաջիկա ցուցադրության մասին կտեղեկացվի ավելի ուշ: