Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՈՒ կապիտանի պատժաչափը խստացվեց (տեսանյութ)

Հասարակություն
nkar-kapitan

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր խստացրեց զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպը թաքցնելու համար դատապարտված կապիտան Բաբկեն Ղարդյանի պատժաչափը: Գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելով՝ դատարանը նրան դատապարտեց 8 տարվա ազատազրկման: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բաբկեն Ղարդյանը ընդունել էր իր մեղքը եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Սակայն Վերաքննիչ դատարանում Մատաղիսի Ռազմական ոստիկանության հենակետի պետը հայտարարել է, որ սպառնալիքների եւ ճնշումների ներքո է ստիպված եղել ընդունել մեղադրանքը եւ արագացված դատավարություն պահանջել: Քննություն իրականացնող մարմինն էլ մեղադրանքի հիմքում դրել է երեք զինվորների նույնաբովանդակ ցուցմունքները: « Ում ցուցմունքն են ընդունել մի զինվորի, որը նստած է գողության համար, մյուսը գոմիկ է բառիս բուն իմաստով, երրորդն էլ մի տականք է»,- ասաց նրա հայրը՝ Գագիկ Ղարդյանը: Հայրը պատմում է, որ որդին տարաձայնություններ է ունեցել զորամասում: Բաբկենը բացահայտել է Մատաղիսում ռազմական ոստիկանության հենակետ կառուցելու համար հատկացված գումարները մսխելու փաստը: «Նախարարը գնացել, տեսել է, ասել է, ինչո՞ւ է այսքան երկար ձգձգվում, տղաս ասել է, որ գումար չկա, ասել է, ոչ գումար չկա 18 մլն ես գումար եմ հատկացրել, որպեսզի շինարարությունը արագ լինի, տղես էլ ասել է այդքան գումար չկա, ընդամենը 6 մլն գումար է, նախարարը զայրացել, չգիտեմ՝ ում ինչ է ասել, փորձում են վրեժ լուծել տղայիցս»,- ասաց նա: Հարազատները, թեեւ չեն հավատում Վճռաբեկ դատարանի անկախությանը, սակայն կդիմեն վերադաս ատյան: Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար ներպետական ատյանները պետք է սպառել: