Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենի թեկնածուին կառաջադրի հանձնաժողովը. նախագիծն ընդունվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
parliam

89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր ընդունեց «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օբուդսմենի թեկնածու է առաջադրելու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից խնդրեց ներկայացնել նախագծի վերջնական տեսքը, քանի որ  երեկ հնչել են գրավոր ու բանավոր մի շարք առաջարկություններ: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարեց, որ հանձնաժողովում իրենք դեմ են քվեարկել, իսկ հիմա  ձեռնապահ են լինելու: Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ նախագիծը մնում է անփոփոխ, ինքը ստացել է երեք սկզբունքային առաջարկություն, մեկ գրավոր առաջարկություն, սակայն դրանք չեն ներառվել նախագծում: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը սրտնեղել էր, որ Հովհաննես Սահակյանը հայտարարում է, թե առաջարկություններ չեն եղել, մինչդեռ երեկ շատ առաջարկություններ են հնչել. «Դա պարզապես ազնիվ չէ, երբ ասվում է առաջարկներ չեն եղել: Առաջարկում եմ՝ այս օրվա վերջին հավաքեք դրանք բոլորը»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց՝ եթե այս նախագիծը փոփոխության չի ենթարկվելու, մենք ժողովրդավար սկզբունքների ներքո չենք գործելու. «Չի լինելու այլընտրանք, վերանում է մրցակցությունը»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւս դեմ էր մեկ թեկնածուի առաջադրմանը, նրա կարծիքով եւս պետք է թեկնածուները լինեն մի քանիսը: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որոշեց պարզաբանել իրավիճակը. «Հայաստանյան խորհրդարանում ունենք քաղաքական մեծամասնություն, որը քվեարկելու է իր թեկնածուի օգտին, ու ոչինչ չի փոխվելու: Բոլոր մյուս քաղաքական ուժերը պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը հանձնաժողովում, լրացուցիչ անդամներ ներկայացնեն եւ փորձեն ապահովել կոնսոլիդացիա»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ եղած առաջարկությունների մեծ մասը հակասում է Սահմանադրությանը. «Հասարակության մեջ չի կարելի ապակողմնորոշում մտցնել»: