Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարը գյուղացիներին՝ ավելացնել ՌԴ արտահանվող գյուղմթերքի ծավալները

Տնտեսություն
unnamed-117

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցություն է ունեցել հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները: «Այսօր պաշտոնապես հրապարակվել է այն գյուղատնտեսական մթերքների ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ներկրել Թուրքիայից: Սրանով նոր հնարավորություններ են ստեղծվում տեղական արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա իրենց գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարար Կարապետյանի խոսքով` այժմ մենք հանրապետությունում ունենք բավարար քանակությամբ թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա: Նախարարն ընդգծել է, որ հայ արտադրողներն ունեն հնարավորություն ավելացնելու արտահանվող գյուղմթերքի ծավալները և հորդորել է այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել: Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում: Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրներին և խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին