Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ մեկին հաճելի չէ բողոքողի համբավ ունենալ». Զարուհի Բաթոյան

Հարցազրույց Հասարակություն
z3

«Ա1+»-ի նոր խորագիրը պատմում է հայ հասարակության ուժեղ կանանց մասին, ովքեր իրենց պայքարող ոգու եւ կամքի շնորհիվ կարողացել են կարծրատիպեր կոտրել եւ ինչ-որ բան դեպի լավը փոխել: Այս անգամ շարքի հերոսուհին «Հույսի կամուրջ» ՀԿ շահերի պաշտպանության պատասխանատու, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» կազմակերպության ղեկավար, Disabilityinfo.am տեղեկատվական կայքի ղեկավար Զարուհի Բաթոյանը:   Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք զբաղվել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ: Առանձնահատուկ ցանկություն չի եղել, բայց քանի որ ես ինքս իմ փորձը ունեի, որովհետեւ բուհ ընդունվեցի, իմ դժվարություններն ունեի, իմ հաջողություններն ունեցա, փորձում էի սեփական օրինակով ցույց տալ մարդկանց, որ կարելի է դժվարություններ կամ խնդիրներ լուծել եւ լուծման միջոցներ առաջարկել: Հենց դա խթան հանդիսացավ, որ ես ավելի ակտիվ գործունեություն ծավալեմ եւ սկսեմ ավելի մեծ մասշտաբով իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունը՝ անկախ նրանից, թե որտեղ եմ ես, ուսանո՞ղ եմ այս պահին, միջոցառման մասնակի՞ց, թե՞ անհատ: Ես մարդ եմ, ով միշտ փորձում է խնդիրը լուծել, պաշտպանել մարդու շահերը, որտեղ որ դա հնարավոր է անել: Այս տարիների ընթացքում, ըստ Ձեր դիտարկումների, ի՞նչ է փոխվել ոլորտում: Փոխվել է մարդկանց իրազեկությունը, վերաբերմունքը: Բարեբախտաբար, այսօր որեւէ մեկին չես զարմացնի նրանով, որ հաշմանդամություն ունեցող մարդը ունի կրթության, աշխատանքի իրավունք: Սովորական քաղաքացիները, չեմ ասում՝ բոլորը, բայց մեծ մասը այդ գիտակցությունը համեմատաբար ունի, եւ այսօր մարդիկ իսկապես խոսում են իրավունքների, հավասարության, ներառման մասին: Պաշտոնյաները սկսել են օգտագործել այդ բառերը, գիտեն դրանց նշանակությունը: z7 Իսկ համակարգայի՞ն առումով: Համակարգային առումով փոփոխությունները ներառական կրթության ոլորտում են: Օրենսդրական փոփոխություններ եղան, եւ այսօր ներառական կրթությունը պետական քաղաքականություն է: Մարդկանց իրազեկությունը բարձրացել է ներառական կրթության մասին, որը, իհարկե, դեռ բավարար չէ: Երեւանում շատ քիչ, չնչին կառույցներ կան, որ ամբողջությամբ համապատասխանում են զուտ թեքահարթակների թեքությունների ստանդարտներին, էլ չեմ խոսում մարզերի մասին: Ամենավատն այն է, որ մարդիկ մատչելիություն ասելով՝ հասկանում են թեքահարթակները միայն: Եկեք բացենք փակագծերը, թե ինչ ասել է մատչելիություն: Մատչելի միջավայրը շատ լայն հասկացություն է: Եթե սկսենք ֆիզիկական մատչելիությունից, ապա դրանք կարող են լինել հարթ մուտքերը, թեքահարթակները, եթե հին է շենքը, բայց եթե նոր շենք ենք կառուցում, ապա պիտի զրոյական լինի: Դրանք կարող են լինել կույրերի կամ թույլ տեսնող մարդկանց համար հատուկ ուռուցիկ, ռետինապատ մակերեսով սալիկներ, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել: Դրանք ձայնային ազդանշաններով լուսացույցներն են, ցուցանակներն են հեշտ կողմնորոշվելու համար, որովհետեւ մենք հաշմանդամություն ունեցող անձ ասելով՝ հասկանում ենք նաեւ մտավոր խնդիր ունեցող մարդու, որի համար դժվար է կողմնորոշվելը բարդ տեքստերի դեպքում: Դրանք մատչելի տրանսպորտային միջոցներն են, որոնք ունեն վերելակներ կամ հարթ մուտքեր, բռնակներ, բարձրախոսներ եւ լուսագրեր, թե ավտոբուսը որ կանգառում է գտնվում եւ այլն: Այն ինչ արվում է, ի սկզբանե պիտի հարմար լինի բոլորին: Բայց ամենակարեւորը վերաբերմունք է, որովհետեւ եթե նույնիսկ ամեն ինչ շատ հարթ լինի, բայց մարդիկ չվերաբերվեն միմյանց ինչպես հավասարը՝ հավասարի, չհարգեն մարդկանց առանձնահատկությունները, մատչելի միջավայրի մասին խոսք չի կարող լինել: z2 Կառանձնացնե՞ք մի քանի կարծրատիպեր, որոնք հասարակությունում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ: Վերջին երկու թարմ դեպքը կպատմեմ: Գնացել էի VTB բանկ, նստած սպասում էի, մեկ էլ լսեմ՝ մի աղջիկ գոռալով խոսում է, ինչ-որ բան է փորձում բացատրել հաճախորդին, շրջվեցի, տեսնեմ՝ հաշմանդամություն ունեցող անձ է, ով դժվարությամբ է խոսում, որովհետեւ մանկական ուղեղային կաթված ունի, բայց լսողության խնդիր չունի: Բանկի աշխատակցին թվացել էր, որ եթե մարդը դժվար է խոսում, ուրեմն նաեւ դժվար է լսում: Բան չունեմ ասելու, նորմալ, բնական բան է, բայց ծառայության մատուցման ոլորտ է, եւ աշխատողները պետք է իրազեկված լինեն, որ չի կարելի մարդու հետ երեխայի նման վերաբերվել, գոռալ եւ այլն: Մյուս դեպքը քույրս է պատմել: Նա մանկավարժ է եւ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի էր գնացել մասնավոր դպրոցներից մեկում: Իր հետ միասին հարցազրույցի էր եկել եւս մի մանկավարժ, ով մանկական ուղեղային կաթված ուներ, բայց ինքնուրույն տեղաշարժվում էր, թեեւ մի քիչ դժվարություն ուներ խոսելու հետ: Եվ քույրս պատմում է, թե ադմինիստրացիան ինչպես է ընդունել նրան: Ասում է՝ հարցնում էին՝ «Դուք ու՞մ եք ուզում», «Ինչի՞ համար եք եկել», «Ի՞նչ աշխատանք», եւ այս աղջկը բացատրում էր, որ իրեն կանչել են հարցազրույցի, ինչպես մյուսներին: Այսինքն՝ աշխատակիցները չէին էլ ենթադրում, որ նա կարող էր աշխատանքի համար դիմել, բայց եթե մարդը առաջին փուլը անցել է, նշանակում է գոնե ռեզյումեով արդեն իսկ համապատասխանում է այդ աշխատանքին: Խնդիրը կանխակալ տրամադրվածությունն է, որը գալիս է ինֆորմացիայի եւ փորձի պակասից: Այդ իսկ պատճառով ներառական կրթությունը լավագույն տարբերակն է, երբ երեխան փոքր տարիքից սովորում է հաշմանդամություն ունեցող երեխայի հետ ու իր համար նորմալ է, որ մարդիկ կարող են տարբեր լինել: z6 Վերջերս հաճախ էիք առնչվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Կարելի՞ է ասել, որ սկսել եք զբաղվել քաղաքականությամբ: Ես դեռ ակտիվ չեմ քաղաքականության մեջ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պարզապես համակրում եմ, քանի որ այնտեղ հավաքվել են երիտասարդներ, ովքեր ազատ են մտածում, ում համար կարեւոր են մարդկային արժեքները: Վարչության անդամները՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, ինձ նման են մտածում: Իսկ ես չգիտեմ՝ կլինեմ քաղաքականության մեջ երբեւէ, թե ոչ, բայց ինձ համար կարեւոր է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լինեն քաղաքականության մեջ, որովհետեւ միայն այդպես կարելի է փոփոխություններ իրականացնել: Հիմա էլ ունենք այդպիսի մարդիկ, բայց, թող ներեն ինձ, նրանք հաշմանդամության խնդրի հետ կապված լուրջ փոփոխություններ չեն արել: Սահմանադրության նոր նախագծում կա՞ն, արդյոք, փոփոխություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ: Մի քանի ամիս առաջ մենք հինգ առաջարկ էինք ներկայացրել հանձնաժողովին, որից միայն մեկն է ընդունվել, որը վերաբերում էր սոցիալական ապահովության իրավունքին: Այնտեղ տարբեր խմբերի կողքին նշված չէր հաշմանդամություն ունեցող անձը: Մենք դա ավելացրեցինք, իրենք ընդունեցին: Հաջորդ կետը, որի հետ մենք համաձայն չենք այն է, 86-րդ հոդվածն է, որտեղ պետության քաղաքականության հիմնական նպատակներում նշված է հաշմանդամության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց բուժման, վերականգնման եւ նրանց ներառման ծրագրերի իրականացման մասին: Ստացվում է, որ հաշմանդամությունը նրանք դիտարկում են բժշկական տեսանկյունից: Նախ հաշմանդամությունը չի բուժվում, չի վերականգնվում, եւ հետո ո՞վ է ասել, որ հաշմանդամություն ունեցող անձի համար ամենակարեւորը բուժումն է: Եթե դու նրա ներառումը չես տեսնում կրթության, զբաղվածության, ներուժի բացահայտման մեջ, դու չես կարող ասել, որ դու իրեն լիարժեք հավասար ես համարում, ինչպես մյուս քաղաքացիներին: Ասում են, թե ինչ կապ ունի՝ մարդուն հաշմանդամ ես ասում, թե հաշմանդամություն ունեցող անձ: Հավատացեք ինձ, դա կարեւոր է: Թող գոնե խոսեն այն մարդիկ, ովքեր դրա հետ կապ ունեն: Եթե ես ինքս հաշմանդամություն ունեցող անձ եմ, այդ խնդրով զբաղվող եւ այդ ոլորտում աշխատող, ապա ես մի քիչ ավելի շատ գիտեմ, քան այն մարդիկ, ովքեր այդ ոլորտում չեն աշխատում, բայց շատ լավ հայոց լեզվին են տիրապետւմ: Դա լեզվի խնդիր չէ միայն, դա կարծատիպեր, վերաբերմունք կոտրելու խնդիր է: Եվ նոր Սահմանադրության մեջ գրել են «հաշմանդամները»: Արդեն վեց տարի է՝ Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան, որտեղ գրված է «հաշմանդամություն ունեցող անձ»: Այդ կոնվենցիային բազմաթիվ բաներ հակասում են նոր Սահմանադրության մեջ: Եվ ես չգիտեմ, թե ինչպես պիտի լինի հիմա, որովհետեւ Սահմանադրությունը չպետք է հակասի կոնվենցիային, որը դու վավերացրել ես: Մյուս խնդիրը, որ մենք առաջարկել ենք լուծել, մարդու ընտրական իրավունքի հետ է կապված: Խոսքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին է, որից նրանք զրկված են: Եթե մարդը դատական կարգով անգործունյա է ճանաչվել, ապա նա չի կարող այլեւս ընտրության մասնակցել, իսկ դա մարդու իրավունքների խախտում է: z5 Քաղաքացիական հասարակության մեջ զգալի դերակատարություն ունեն կանայք: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում է՞լ է այդպես: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կամ հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամները հիմնականում կանայք են, սակայն իմ դիտարկմամբ հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում դա այդպես չէ: Ոլորտում հիմնականում տղամարդիկ են: Սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Մենք հաճախ պետական տարբեր կառույցների, կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ենք դիմում՝ խնդրելով տրամադրել վիճակագրություն, թե, օրինակ, բռնության ենթարկված կանանցից քանիսը հաշմանդամություն ունեն: Նման վիճակագրություն չկա: Ծիծաղելի է, բայց վերջերս այդպիսի հարցում էինք արել ոստիկանությանը, որի պաշտոնյան ասաց՝ «Ինչու՞ ստատիստիկա հավաքենք, բա ներառական կրթությունը ինչի՞ համար է»: z4 Ո՞րն է ամենամեծ հաղթանակը, որը կառանձնացնեք տարիների Ձեր պայքարից: Հաղթանակ չէ, բայց ես նկատել եմ մի բան, որ երբ մարդիկ ուղղակի ուշադիր են, անընդհատ խոսում են, բարձրաձայնում են խնդիրը, դա վաղ թե ուշ ուշադրության է արժանանում: Կան կառույցներ, որոնք հաշվի են նստում, քննարկում են, զգուշանում, ավելի զգոն են: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ անում են այնպես, ինչպես մենք ուզում ենք, բայց եթե կա մի բան, որ կարող են անել պարզապես ինչ-որ տեղ հաճոյանալու համար կամ ուղղակի նշելու, որ իրենք դա արել, ապա նրանք դա անում են, եւ այստեղ ամենամեծ թերացումը կարող է լինել ՀԿ-ների կամ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, ովքեր չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին: Թող ոչ ոքի չմեղադրեն, որ իրենց չեն լսում: Որեւէ մեկին հաճելի չէ բողոքողի կամ անընդհատ խոսողի համբավ ունենալ, այդ թվում եւ ինձ: Շատ հաճախ ինձ են դիմում, որ ես բարձրաձայնեմ իրենց խնդրի մասին, որովհետեւ իրենք ամաչում են կամ չեն ուզում վատամարդ լինել: Բայց իրականում հեշտ չէ ամեն օր դրան բախվել, հատկապես երբ դու պետական պաշտոնյաների հետ ես լինում, ովքեր երբեւէ սովոր չեն, որ իրենց կասես «ոչ» կամ նույնիսկ մի հարց կարող ես իրենց տալ: Ես ամբողջությամբ պատկերացնում եմ, թե ինչ ասել է սովետական միություն, որովհետեւ, երբ ես ժողովների կամ հանդիպումների եմ մասնակցում, այդ տեսարանն է՝ «Հարցեր կա՞ն», «Ոչ»: Որեւէ մեկը նույնիսկ չի համարձակվի հարց ուղղել: Եվ այդտեղ միակ հարց տվողը կամ խոսողը ես եմ լինում հիմնականում: Դրանից հետո լինում են զանգեր մարզպետարանից, որովհետեւ ես խոսել եմ: Գիտեք, մենք բարձրաձայնում ենք այն բաների մասին, որոնք հնարավոր է լուծել, միանգամից գլոբալ փոփոխություններ չենք ուզում, քանի որ գիտակցում ենք, որ մենք երբեք չենք ունենալու հարուստ պետություն, մեծ փողեր կամ մեծ հնարավորություններ, բայց դա չի նշանակում, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ երկրորդ սորտի քաղաքացու նման պետք է ապրեն: Պետք է եղած ռեսուրսներով կարողանանք անել առավելագույնը:   Զրուցեց Շուշան Շատիկյանը