Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուրանոցը հրաժարվել է «Չեք անցկացնի»-ին դահլիճ տրամադրել

Քաղաքականություն
hilton

Սահմանադրության քարոզչության շրջանակում նոյեմբերի 30-ին երևանյան «Դաբլթրի- բայ Հիլթն» հյուրանոցում պետք է կայանար «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժման նախաձեռնած Ոչ-ի երիտասարդական ֆորում։ Սակայն միջոցառումը չեղարկվել է. «Հյուրանոցից մեզ հայտնեցին, որ իրենք հրահանգ են ստացել՝ դահլիճ չտրամադրելու»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց շարժման անդամ Արշակ Մուսախանյանը։ Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Չեք անցկացնի» շարժումն այս ընթացքում աշխատանքներ է իրականացրել՝ միջոցառումը պատշաճ կերպով անցկացնելու համար, սակայն այս իրավիճակում ստիպված են դադարեցնել աշխատանքը։ Հարցին, թե ո՞վ է կանգնած սրա ետևում, Արշակը նշեց. «Միանշանակ, իշխանությունների կողմից է այս հրահանգը ստացվել։ Մենք մտածում էինք, որ քարոզչության շրջանում նման քայլերի չեն գնա, բայց փաստորեն, այդպես չեղավ։ Սա օրենքի խախտում է»։ Կապ հաստատեցինք նաև «Դաբլթրի- բայ Հիլթն» հյուրանոցի անձնակազմի հետ. «Այո, միջոցառումը չի կայանալու»,-հաստատեց ներկայանալ չցանկացող աշխատակիցը։ Իսկ թե ինչո՞ւ, նա խորհուրդ տվեց ճշտել կազմակերպիչներից։ Նշենք, որ քիչ անց «Չեք անցկացնի» նախաձեռնության գրասենյակում այս թեմայով հրավիրված է շտապ ասուլիս։