Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի չարաշահումների փաթեթն ուղարկվել է ՌԴ (տեսանյութ)

Տնտեսություն
shaboyan

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում հայտնաբերած խախտումների մասին փաթեթն ուղարկել է Տրանսպորտի եւ կապի նախարարություն. այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ավելացնելով. «Մենք այդ փաթեթը նաեւ ուղարկել ենք ՌԴ հակամենաշնորհային ծառայություն: Նրանք էլ ունեն բազմաթիվ խնդիրներ բացահայտած: Ռուս գործընկերը խոստացել է հետաքննություն իրականացնել, անհրաժեշտության դեպքում՝ վարույթ հարուցել «Ռուսական երկաթուղի» ընկերության նկատմամբ»: Եթե պաշտոնական դիրքի չարաշահում հայտնաբերեն, Արտակ Շաբոյանը խոստացավ, փաթեթը ուղարկել նաեւ ՀՀ Գլխավոր դատախազություն: Թե որքան գումարի չարաշահման մասին է խոսքը, պարոն Շաբոյանը չմանրամասնեց՝ միայն ասաց. «Կան ոչ պիտանի վագոններ, որոնք վաճառվում են վրացական ընկերություններին շատ ավելի ցածր գներով, քան դրանք վաճառում են հայկական ընկերություններին»: Իսկ Ամանորին ընդառաջ նա վստահեցրեց, որ հանձնաժողովը վերահսկում է ապրանքների արհեստական գների աճը. «Եթե չարաշահման ազդակներ են լինում, ապա հանձնաժողովը խորացնում է ուսումնասիրությունները»։