Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողների նկատմամբ տարբերակված վերաբերմունք կա. «Ա1+»-ի լրագրողի բողոքը մերժվեց (տեսանյութ)

Հասարակություն
artak

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի եւ նրա ներկայացուցիչների բողոքը: Դատարանը գտավ, որ առաջին ատյանի դատական ակտը օրինական է: Լրագրողը պահանջում է բեկանել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։ Հիշեցնենք, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ է փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։ «Մենք հենց սկզբից կանխատեսում էինք ինչ ելք պետք է ունենա, եւ վիճակագրական տվյալներն էլ նույն բանն են վկայում, որ լրագրողների նկատմամբ տարբերակված վերաբերմունք կա, լրագրողների իրավունքների պաշտպանության տեսակետից պետական մարմինները, նախաքննության եւ հետաքննության մարմինները ուշադիր չեն կամ ջանք են գործադրում, որպեսզի այդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվի»,- «Ա1+»-ին ասաց իրավաբան Արտակ Զեյնալյանը: Իրավապաշտպանի կարծիքով՝ ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմ կար: Որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում։