Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը կանանց բռնության առաջին 2 դեպքը չի գրանցում (տեսանյութ)

Հասարակություն
brnutyun-nkar

Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման գործընթացն արագացնելու պահանջով այսօր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները նամակ հանձնեցին կառավարություն: Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է մտել 2013 թվականին, սակայն այն օրենք չի դարձել: «Իշխանությունները պատճառաբանում են, որ պետք է նախ ուսումնասիրել միջազգային փորձը: Մենք այսօր նամակ ենք հանձնում կառավարությանը՝ օրենքի ընդունման գործընթացը արագացնելու պահանջով»,- նշում է կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: 2015 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 471 դեպք: Սա Ոստիկանության տվյալն է, այլ է պատկերը հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող թվերի պարագայում: Կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանի պնդմամբ՝ այս տարվա ընթացքում ՀԿ-ները 2000 հեռախոսազանգ են ստացել  կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ: «Չենք կարող դիտարկել, որ դեպքերը շատացել են մարդկանց նկատմամբ, այլ բարձրաձայնումներն են շատացել:  Լինում են չափազանց ծանր դեպքեր, երբ կարիք է լինում ապաստարաններում տեղավորելու այդ մարդկանց և բազմաթիվ են խնդիրները լուծելու: Կարծում ենք, որ կարիք կա ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման»: Ըստ նրա՝ բազմաթիվ են դեպքերը, երբ կինը բռնության ենթարկվելու պարագայում դիմում է ոստիկանությանը, սակայն առաջին երկու անգամը չի գրանցվում նրա բարձրաձայնումը, «այլ գրանցվում է որպես անհաշտ ընտանիք: Երրորդ դեպքում հնարավոր է նաև, որ մահվան դեպք գրանցվի: Այսինքն՝ կանայք հասցվում են այնպիսի վիճակի, երբ արդեն մահվան վտանգի դիմաց են կանգնած»,- հավելում է Զարուհի Հովհաննիսյանը: