Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործում է պատասխանատվությունը իրարից գցելու հոգեբանությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունվել է  հակահայկական զեկույց։ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագրված  զեկույցը  վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին։  Հայկական պատվիրակության ղեկավարը դա համարում է հետեւանք՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների կողմից կազմակերպած հակահայկական արշավի. «Այնպես չէ, որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր շահերը, գոնե վերջին տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ հարձակումներ, նման արշավների էպիզոդներ, որոնց ընթացքում կենտրոնացնելով մեր ուժերը՝ կարողացել ենք չեզոքացնել բազմաթիվ վտանգներ»,- ասում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ուղիղ քսան օր առաջ, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն էլ ընդունել էր  «Բռնության աճը ԼՂ-ում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի նախագիծը։ Հայկական պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է, թե իրենց հաջողվել է մի քանի անգամ հաղթահարել ադրբեջանական լոբբիի ոտնձգությունները: Դրա համար, ըստ նրա, պետք է ունենալ հստակ մարտավարություն եւ ճիշտ ուղերձ. «Մենք պետք է խոսենք այն լեզվով, որ եվրոպացիները հասկանում են, ոչ թե հայհոյենք ադրբեջանցիներին, հակառակը՝ պետք չէ մտնել այդ վեճի մեջ, իրականում պետք է եվրոպացիների հետ խոսել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի լեզվով, ԵԱՀԿ փաստաթղթերի լեզվով, նախ եւ առաջ պետք է իմանալ այդ փաստաթղթերը անգիր»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Պարոն Զուրաբյանի կարծիքով՝ ամեն անգամ հաղթանակը չի ստացվում, քանի որ բացակայում է ՀՀ նախագահի աշխատակազմի, ԱԳՆ-ի եւ հայկական պատվիրակության միջեւ համատեղ աշխատանքը։ «Գործում է պատասխանատվությունն իրարից գցելու, մյուսի վրա դնելու հոգեբանությունը»։ Հերմինե Նաղդալյանն իր հերթին ընդգծեց՝ ՀՀԿ-ն չի քննարկում պատվիրակության կազմի փոփոխության հարցը. «Չեմ կարծում, որ որեւէ մեկն այն տեղի վրա, որ զբաղեցնում եմ, աչք ունենալու հիմքեր ունի, սա ծանր աշխատանք  է, ով ուզում է, թող այն կատարի»։ Նա նաեւ դեմ է ԵԽԽՎ աշխատանքների բոյկոտին. ըստ նրա՝ դա լավագույն տարբերակը չէ: