Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այո»-ի շտաբն առաջին նիստը գումարեց. Հովիկ Աբրահամյանը կունենա 6 տեղակալ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HHK

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց Սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի առաջին նիստը: Այն վարում էր շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից հետո ՀՀԿ անդամները խուսափում էին մեր հարցերի պատասխաններից՝ ընդամենն ասելով, թե քննարկել են կազմակերպչական հարցեր: Նիստին մասնակից Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ոչ միան ոչ մի հարցի չպատասխանեց, այլեւ հայտարարեց, որ բացարձակ ասելիք չունի: ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը միայն ասաց, որ ընդհանուր կազմակերպչական հարցեր են քննարկել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում նաեւ հավելեց, որ մարզային կառույցների ղեկավարներ դեռ չեն նշանակվել: Իսկ թե ինչպես են քարոզչությունն անցկացնելու, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Կտեսնեք»: Թեեւ տեղական ինքնակառավարման մարմինները քարոզչական պաստառների տեղադրման համար արդեն հատկացրել են համապատասխան վայրեր, սակայն ՀՀԿ-ն դեռ ոչ մի պաստառ չի փակցրել: ՀՀԿ գրասենյակից վերջում դուրս եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա նախ ասաց, որ կպատասխանի միայն մեկ հարցի: Նա մասնավորապես ասաց, որ արդեն վերջնականորեն ձեւավորել են շտաբը, ունեն 6 տեղակալ: Թե ովքեր են նրանք, վարչապետը չասաց՝ ավելացնելով. «Քննարկել ենք նաեւ մեր շտաբի կառուցվածքը, մեր ապագա անելիքները»: Ավելին նա չասաց՝ շտապելով մտնել ՀՀ Կառավարության շենք: Հովիկ Աբրահամյանը միայն հասցրեց մեզ կոչ անել՝ բոլոր հարցերով դիմել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանին, որը ուղեկցում էր նրան: Պարոն Թադեւոսյանն էլ հայտարարեց, որ այս պահին ոչինչ չի ասի, շատ շուտով լրատվամիջոցներին կուղարկի մամուլի հաղորդագրություն: «Այո»-ի շտաբի պետի տեղակալներն են` Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովսեփյանը, Արմեն Երիցյանը, Լևոն Յոլյանը և Վահրամ Բաղդասարյանը: Շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը: