Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջապես պետական մակարդակով ինձ պարգևատրեցին». Հարութ Փամբուկչյան (տեսանյութ)

Հասարակություն
harut

Նրան փողոցում տեսնելով՝ մարդիկ չեն կարողանում անտարբեր անցնել: Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Ձախ Հարութը,  Երևանում է: Թեև երկար տարիներ նա բնակվում է Միացյալ նահանգներում, սակայն վերջին շրջանում հաճախակի է լինում Հայաստանում: «Առիթներն անձնական ձեռնարկներն են: Իմ քաղաքն է, ես սիրում եմ միշտ այցելել: Մանկության, պատանեկության ընկերներ ունեմ այստեղ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց երգիչը: Հարցին, թե իր համար ի՞նչն է փոխվել քաղաքում, նա նշեց. «Շատ բան: Նախ երիտասարդությունը. շատ տաղանդավոր, շատ վայելուչ, ճաշակով են: Դա ինձ ոգևորություն է ներշնչում»: Մեր խնդրանքով խոսելով անկախության առթիվ Սերժ Սարգսյանի կողմից տրված պետական պարգևների մասին, որոնցից մի քանիսի դեպքում մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէր, Ձախ Հարութն ասաց. «Դա պետական մակարդակի կամ Մշակույթի նախարարության հարց է: Ընկերներ ունեմ, որոնց համար մարդիկ հարմար չեն գտնում, որ իրենք պարգևատրված են: Բայց դա ինձ հասանելի բանը չի, որ ես արտահայտվեմ դրա մասին: Պարգևատրվածների շարքում էր նաև հենց ինքը՝ Ձախ Հարութը: Նա արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: «Միշտ էլ հաճելի է: Ես ուրախ եմ, որ վերջապես պետական մակարդակով ինձ պարգևատրեցին: Դա ինձ ուրախացնում և պարտավորեցնում է, որ ավելի լավ աշխատեմ»: Իսկ տեղյա՞կ է արդյոք նա, թե ինչ է կատարվում քաղաքականության մեջ. «Տեղյակ եմ, բայց ես քաղաքականություն չեմ սիրում: Այն, ինչ չեմ հասկանում, չեմ ուզում արտահայտվել դրա մասին»: Հարցին, թե ի՞նչը կցանկանա երկրում փոխվի, Ձախ Հարութը շեշտեց. «Ամեն ինչ. ժողովուրդը սկսի բարվոք կյանքով ապրել, արտագաղթը դադարի»: Զրույցի վերջում երգիչը խոստացավ, որ հաջորդ տարի մենահամերգ կունենա Երևանում: