Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտե՞ղ է մոտակա ցայտաղբյուրը. կհուշի pulpulak.club-ը

Կարևոր լուրեր Բարձր տեխ.
caytaxbyur1

Ցայտաղբյուրների գտնվելու վայրերն իմանալու և թե որքան ժամանակ կպահանջվի ծարավը հագեցնելու համար, լուծում ունեն մի քանի երիտասարդներ, ովքեր ստեղծել են pulpulak.club-ը։ Մտահղացումը եղել է մոտ մեկ ամիս առաջ՝ Կալիֆորնիայում բնակվող Հրաչիկ Աջամյանի եւ Մոսկվայում բնակություն հաստատած Լեւոն Տիգրանյանի կողմից. «Համահայկական խաղերին էինք եկել մասնակցելու։ Ու դրսում, երբ զբոսնում էինք, պաղպաղակ կերանք, ուզում էինք լվացվեինք ու ջուր խմեինք։ Գնացինք-գնացինք, բայց ոչ մի պուլպուլակ չգտանք։ Հասկանում ենք, որ շատ են, բայց վայրերը չգիտեինք։ Ու Լեւոնը ակնոցը դրեց ու ասեց. «Երնեկ չէր՝մի հավելված կամ կայք լիներ, տեսնեինք, թե որտեղ պուլպուլակ կա։ Ինտերնետում նայեցինք, բայց նման բան չգտանք ու որոշեցինք, որ մենք մի բան ստեղծենք, որ մարդիկ մեր օրը չընկնեն։ Բայց մոռացանք այդ մասին։ Մի ամիս հետո Հրաչիկն ասաց, որ Հեքըթոն միջոցառում է լինելու։ Մասնակիցները հավաքվում են ու տեղում ծրագրեր կազմում։ Որոշեցինք գնալ, ընկերներին տեսնենք, բարեւենք։ Շենք մտնելիս Լեւոնն ասաց՝ հիշո՞ւմ ես՝ մի միտք ունեինք պուլպուլակի, չե՞ս ուզում անենք։ Ու մարդկանց արձագանքներից հասկացանք, որ կարելի է նման բան անել»,-պատմում են մտահղացման հեղինակները։ marine Հեքըթոնում էլ ստեղծեցին pulpulak.club կայքը, որն էլ հաղթող ճանաչվեց։ Կայքում նշված են ցայտաղբյուրների վայրերը եւ թե քանի րոպեում կարող եք հասնել Ձեզ ավելի մոտ գտնվող ցայտաղբյուրին։ Այլեւս ստիպված չեք լինի խանութներից ջուր գնել։ Այս կայքը հիմնականում զբոսաշրջիկների համար է նախատեսված. «Հայերը գոնե մի փոքր գիտեն տեղանքը, բայց տուրիստների համար ուղղություն գտնելը դժվար է»,-ասում է Հրաչիկ Աջամյանը, ավելացնում, որ հանդիպել է նաեւ Երեւանի քաղաքապետի հետ եւ ցայտաղբյուրների մասին ստեղծած իրենց կայքը ներկայացրել. «Քաղաքապետից իմացա, որ կա 3000 պուլպուլակ, բայց իրենք էլ չգիտեն, թե որտեղ են դրանք եւ որոնք են աշխատում»։ Կայքը գործում է անգլերեն լեզվով։ Պատրաստվում են նաեւ հավելված ստեղծել։ Խոսելով IT ոլորտից եւ թե ինչքանով է անհրաժեշտ պետության աջակցությունը ոլորտի զարգացմանը, տղաները ասում են. «Պետությունից մի բան է պետք՝ չխանգարել։ Եթե ֆինանսավորեն, ապա արագ կզարգանա, բայց առանց դրա էլ կլինի»։ Հիշեցնելով, որ 2019 թվականին ՏՏ համաշխարհային կոնգրեսը կարող էր անցկացվել Հայաստանում, բայց մինչեւ այսօր պետությունը չի տրամադրել անհրաժեշտ հարյուր հազար դոլարը, որի պատճառով նման հնարավորությունից կարող ենք զրկվել, Հրաչիկ Աջամյանն ասաց. «Եթե տենց բանը եկել է ու ընկել իրենց ձեռքը, եւ իրենք ոչ մի բան չեն անում դրա համար, դա արդեն խանգարել է։ Այ թիի պրոբլեմը գիտե՞ք որն է, որ այն մարդիկ, ովքեր տեսել են լահմաջո, տեսել են չալաղաջ, իրենց համար դրանք հասկանալի բաներ են։ Իսկ սա ի՞նչ են անում, կտցնում են քիբորդին ու ոչ մի բան չի լինում, ի՞նչ են անում էս մարդիկ։ Հասկանալի չի։ Ֆեյսբուքն էլ, որ օգտագործում են, էլի չեն հասկանում՝ինչի համար է։ Ամեն ինչ դառնում է տեխնոլոգիա։ Հարյուր տարի հետո շատ քիչ աշխատողներ են լինելու։ Չի լինելու մատուցող, ռոբոտներ են լինելու»։ Լեւոն Տիգրանյանն էլ հավելում է. «Նեղ են մտածում։ Ովքեր այ թի ոլորտում են, իրենք տեսնում են այ թիի պոտենցիալը, բայց ովքեր այդ ոլորտում չեն, իրենց համար անհասկանալի է։ Գնաս ասես՝ եկեք տուրիզմը զարգացնենք, կասեն՝ հա-հա,տուրիզմը պետք է զարգացնենք, որ ասես՝այ թին զարգացնենք, կասեն.« Ինչի՞ համար, ի՞նչ է դա մեզ տալու»։ Չեն խորանում, որ զարգացնելով այդ ոլորտը ինչերի կհասնենք։ Ընդ որում՝ միայն մարդկային ռեսուրս օգտագործելով՝ կարող ենք Հայաստանը զարգացնել»։ Տնտեսագետ Լեւոն Տիգրանյանը, ով իր աշխատանքն ունի Մոսկվայում, մտադիր է մեկ տարուց հիմնովին վերադառնալ Հայաստան. «Գնալու եմ շուտով հետ, ամեն ինչ դասավորեմ ու մի տարվա մեջ գամ Երեւան։ Հրաչիկ Աջամյանն էլ է հույսով, որ կվերադառնա։