Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առկա միջոցներն ընդամենն ավելացրել են Կասպերչիկի դիվանագիտական քաշը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
larisa

Զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը պետք է դիտարկել աշխարհի խոշոր խաղացողների ֆոնի ներքո: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով, որ մենք պետք է այդ իրավիճակում կարողանանք հանգել մեզ համար կարեւոր հանգրվանների. «Մինսկի խումբը մի բան չի կարողացել անել՝ չի կարողացել մշակել այն մեխանիզմները, որոնք պետք է առաջնային լինեն շփման գծում: Օրինակ՝ ինչու չեն կարողանում հստակ հաստատել՝ որ կողմն է սկսել կրակել: Հայկական կողմը երեք առաջարկություն է միշտ ներկայացրել՝ հեռացնել դիպուկահարներին շփման գծից, բերել այդ լոկատորներ կոչվածները, տեղադրել սահմանի գծով, որը թույլ կտա ֆիքսել՝ ով է առաջինը սկսում զինդադարի ռեժիմի խախտումը, ավելացնել այնպիսի դիտորդների խումբ եւ փոխել սահմանային դիտարկումների մեթոդաբանությունները, որոնք ծիծաղելի չեն դիտվի, քանի որ առկա միջոցներն ընդամենն ավելացրել են Կասպերչիկի դիվանագիտական քաշը»: Ըստ նրա՝ մենք պետք է զգուշությամբ վերաբերվենք Արեւմուտքի ներկայությանը մեր սահմաններին, քանի որ մեզ համար անընդունելի Մադրիդյան սկզբունքների մեջ նշված են խաղաղապահ ուժերի մասին, որոնք պետք է տեղակայվեն մեր սահմաններին. «Ես կողմնակից եմ ստատուս քվոյի պահպանմանը, քանի որ դեռ երկու կողմերը անհաշտ են, հնարավոր չէ նրանց միմյանց սիրել տալ ու, ի վերջո, ստատուս քվոն առավել անվտանգ է ժողովուրդների համար: Միաժամանակ ստատուս քվոն պետք է պահպանվի ավելի հստակ մեխանիզմներով»: Տիկին Ալավերդյանի դիտարկմամբ՝ Ալիեւը ինքնաիզոլացվել է. «Եթե մեր դիվանագիտական այրերի միտքը վերջապես աշխատի, ապա բոլոր դեպքերում պետք է ամբողջ աշխարհին ապացուցի, որ մեր արժեքային համակարգը համապատասխանում է առաջադեմ մարդկության մոտեցումներին՝ խաղաղություն, բարեկեցություն եւ այլն, որոնք հակակշիռ են Ադրբեջանի վարած քաղաքականությանը»: