Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորարարական դասընթացներ Ապարանի երեխաների համար

Հասարակություն
aparan

Ապարան քաղաքի արվեստի դպրոցի և Քուչակ համայնքի նկարչության խմբակի սաները կմասնակցեն հանրաճանաչ ՊիկսԱրտ նկարչական և ֆոտո - խմբագրման ծրագրի դասընթացների՝ ՊիկսԱրտ ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի նոր համատեղ նախաձեռնության շրջանակներում: Ավելի քան 50 աշակերտ այսուհետև հնարավորություն կունենան դրսևորել և զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները՝ օգտվելով պատկերների խմբագրման եւ գրաֆիկական դիզայնի ժամանակակից գործիքներից: «Այսօր ստեղծագործական և տեխնիկական գիտելիքները հաջողության հրամայական են, բայց Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող շատ երիտասարդներ զրկված են տեխնոլոգիական նոր գործիքների ծանոթանալու հնարավորությունից: Այս ծրագիրը կօգնի ընդլայնել կրթական հնարավորությունները սոցիալապես անապահով երիտասարդների համար՝ զինելով ժամանակակից գիտելիքներով և ստեղծելով հետագա մասնագիտական աճի նոր հնարավորություններ», ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը: «Հայաստանի ապագա զարգացումը մեծապես կախված է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումից: Դա բնական ռեսուրսներ չի պահանջում, այլ միայն գիտելիք և համապատասխան կրթություն: Հուսով եմ, որ այս ծրագիրը Հայաստանի կրթական գործընթացի համար նոր և կարևոր մի փուլի սկիզբ կդառնա, որ դրական ազդեցություն կունենա ոչ միայն առանձին անհատների, այլև համայնքների և երկրի ապագայի համար», նշում է ՊիկսԱրտի հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: ՊիկսԱրտի ֆինանսավորմամբ երկու դպրոցների խմբակներին տրամադրվել է 29 պլանշետ: Դասընթացները կանցկացնեն խմբակների նկարչության ուսուցիչները, ովքեր հատուկ վերապատրաստվել են PicsArt- ի կողմից: Հետագայում ընկերության մասնագետները պարբերաբար կայցելեն դպրոցներ՝ խորհրդատվություն տրամադրելով և աջակցելով դասընթացների անցկացմանը: ՊիկսԱրտի սոցիալական ցանցի միջոցով դասընթացների մասնակիցները ՊիկսԱրտ ծրագրի այլ օգտագործողների հետ հաղորդակցվելու և փորձ փոխանակելու հնարավորություն կստանան՝ իրենց աշխատանքները ՊիկսԱրտի կայքում տեղադրելով և մասնակցելով առցանց մրցույթների: Այս ծրագիրը Վորլդ Վիժն Հայաստանի երիտասարդների մասնագիտական զարգացման, աշխատունակությունը և մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններից մեկն է: Ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված մեկ այլ ծրագրի շրջանակներում «Մոնիտիս» ընկերության հետ համատեղ 2013 թ.-ին Ապարանի միջնակարգ դպրոցում հիմնվեց Ռոբոտիքս ակումբ: