Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Մելքումյանը Ալեքսանդր Արզումանյանին կոռեկտության կոչ է անում (տեսանյութ)

Քաղաքականություն
melkumyan

Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկմանն այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընթերցեց Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրային գաղափարական ուղղվածությունները, որոնցով պետք է նպաստել հասարակության մեջ ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների գաղափարների տարածմանը. «Ուզում եմ իմանալ` այդ ո՞ր հաղորդումներն են, որ նպաստել են այդ գաղափարների տարածմանը, կոնկրետ անուններ խնդրում եմ նշել, նաեւ` քանի՞ ֆիլմ ու հաղորդում եք պատրաստել, ինչպե՞ս եք ընտրել դրանք ու հասկացել, որ հենց այդ ֆիլմերն ու հաղորդումներն են նպաստում այդ գաղափարների տարածմանը»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը նշեց, որ այս պահին որեւէ անուն չի կարող ասել, սակայն մեկ շաբաթվա ընթացքում կպատրաստի ու կներկայացնի ծրագրերի վիդեո տարբերակներ. «Դա ավելի պատասխանատու կլինի»: Զարուհի Փոստանջյանը կրկին հետաքրքրվեց` այս պահին մի՞թե որեւէ հաղորդման անուն չի մտաբերում պարոն Ջաղինյանը. «Օրինակ` հեղափոխությունների մասին ֆիլմ, կամ այն կերպարների մասին, որոնք ակունքներում են կանգնած եղել այս կամ այն երկրի ժողովրդավարության համար: Ես օրինակ չեմ տեսել, դրա համար եմ ասում»: Ռուբեն Ջաղինյանը հանպատրաստից փորձեց մի քանի ֆիլմի անուն ասել, որոնք նրա կարծիքով հեղափոխության մասին էին. «Օրինակ` ցուցադրում ենք «Սպարտակը», «Վլադիմիր Իլյիչ Լենին», «Սարոյան եղբայրներ» ֆիլմերը»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախքան հարց ուղղելը, ասաց, որ դրվատանքի խոսքեր է ուզում ուղղել Ռուբեն Ջաղինյանին` լավ աշխատանքի համար: Ապա` նա նշեց, որ չի զգում Հանրայինի եթերով հաղորդումների ազատություն. «Օրինակ` ինչ-որ կարեւոր հարցի շուրջ, ինչպես օրինակ ՌԴ-ում է արվում, ինքնաբուխ կամ հեղինակավոր մարդիկ գան ու քննարկեն հարցը հեռուստատաղավարում»: Այս դիտարկումը հունից հանեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, ու նա տեղից սկսեց ռեպլիկներ անել: Սա բարկացրեց Միքայել Մելքումյանին. «Պարոն Արզումանյան, շատ կոռեկտ պահեք ձեզ ու սրանից հետո մի ոգեւորվեք»: «Մի րոպե, 131 պատգամավոր է, մի պատգամավորին կարող է մյուսի կարծիքը դուր չգալ, սակայն դա իրավունք չի տալիս մյուսին ռեպլիկներ անել: Պարոն Արզումանյան, չեմ կարծում, որ ձեր յուրաքանչյուր միտք Մելքումյանին դուր կգա: Եկեք մեկս մյուսի նկատմամբ հարգանք ունենանք, չափահաս մարդիկ ենք, ու հաշտ-համերաշխ, նորմալ շարունակենք աշխատանքը»,- կոչ արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Միքայել Մելքումյանը նաեւ ասաց, որ Հանրայինը համարժեք ու համամասնորեն չի ապահովում բոլոր պատգամավորների ելույթների հեռարձակումը. «Սրանք աշխատանքային հարցադրումներ են, սակայն ուզում եմ իմանալ` ձեզ մոտ կա՞ ուղեղային մի կենտրոն, որ խմբագրակազմն է որոշում` այս կամ այն ելույթը եթեր հեռարձակել, թե իշխանություննե՞րն են որոշում»: «Ճիշտն ասած` ես միշտ էլ ազնիվ եմ պատասխանում բոլոր հարցերին: Պարոն Մելքումյան, դուք ինչքան հաճախ եք լինում մեր լուրերում: Դա ժամանակահատված է, որ մենք ցույց ենք տալիս: Ես կփորձեմ ավելի ուշադիր լինել: Միտումներ մի փորձեք գտնել: Փորձում ենք բոլորին հնարավորինս ներկայացնել»,- արձագանքեց Ռուբեն Ջաղինյանը: