Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերի 120 տոննա խաղողը կմթերեն Երեւանի Կոնյակի գործարանում

Հասարակություն
xaxox41

Տավուշի մարզի Պառավաքար, Այգեձոր, Չինարի եւ Արծվաբերդ համայնքներում դեռեւս 100-ից 120 տոննա խաղող կա, որը պետք է մթերվի։ Երեկվանից ահազանգեր կային, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները կանգնել են խաղողի մթերման խնդրի առջեւ։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի Կոնյակի գործարանի տնօրինության հետ, եւ առաջիկա օրերի ընթացքում խաղողի ողջ բերքը կմթերվի Բերդի մասնաճյուղում։ Փոխնախարարի խոսքերով՝ Գյուղատնտեսության նախարարությունը տիրապետում է Տավուշի մարզում խաղողի բերքահավաքին եւ բերքի մթերումների ընթացքին։ Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ գյուղում դեռ 50 տոննա խաղող է մնում, եւ մթերման խնդիր է առաջացել։