Թունավորված երեխաները 45-ն են
Առավոտյան թունավորման նախանշաններով Արարատի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցից Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների վիճակը բավարար է։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի աշխատակից Մարո Հակոբյանը։ Նրա խոսքով՝ գրեթե բոլոր բժիշկներն այժմ Մանկական բաժանմունքում են, որտեղ օգնություն են ցուցաբերում երեխաներին։ Նրանց սնուցում է միացվել։ Հարցին, թե ներկա պահին քանի՞ երեխա է հոսպիտալացվել, տիկին Հակոբյանը նշեց. «Այժմ 37 երեխա է պառկած մեզ մոտ։ Եվ 8-ը՝ Այգեզարդ գյուղից»։ Ավելի վաղ պաշտոնապես նշվել էր, թե Բաղրամյանից մոտ 20 երեխա է հիվանդանոց տեղափոխվել։ Բժշկական կենտրոնի աշխատակիցը շեշտեց, որ նրանք տարբեր դասարանների աշակերտներ են՝ մոտ 10-ից 15 տարեկան։ Իսկ թե կոնկրետ ի՞նչը կարող էր թունավորման պատճառ դառնալ, տիկին Հակոբյանը նշեց. «Դե բուֆետում հոթ-դոգ են կերել ու երևի նրբերշիկն է պատճառ դարձել»։ Բաղրամյանի գյուղապետ Սոս Բենիամինյանն այժմ բժշկական կենտրոնում է։ Մեզ հետ զրույցում նա նույնպես նշեց, որ երեխաներն արդեն լավ են։ «Սա առաջին դեպքն է մեզ մոտ վերջին շրջանում»,-նկատեց նա։ Պարոն Բենիամինյանը նշեց նաև, որ բժշկական կենտրոնն այժմ լի է մարդկանցով։ Այնտեղ են նաև ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները։ Թե ի՞նչն է եղել մի քանի տասնյակ երեխայի ինքնազգացողության վատացման պատճառը, պարզ կլինի սննդի նմուշառումից ստացված եզրակացությունից։