Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատենադարանի նմուշներն իրենց տեղը գտան ապաստարաններում. Արմենպրես

Հասարակություն
ca570af22a98fe314c3a2bb32177fb33

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձե­ռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշներն իրենց տեղը գտան հատուկ ապաստարաններում: Տարհանման աշխատանքների մեկնարկին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձե­ռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընդգծեց. «Մատենադարանն աշխարհում այն եզակի կենտրոններից է, որ ապահովել է պահպանության լավագույն միջոցները: Նոր մասնաշենքը նմանը չունեցող պահոցների համակարգով է օժտված: Այն եզակի է նաև աշխարհում, և այդ մասին ասում են նաև օտարերկրյա մասնագետները: Նոր մասնաշենքը լայն հնարավորություններ ունի: Տարբեր վայրերից ցուցանմուշները կարող տարհանվել և պահպանվել Մատենադարանում»: Նրա խոսքով` տարհանումն արագ ապահովելու համար բոլոր միջոցներն առկա են: «Տարհանումը գաղտնի ծրագիր է: Նոր շենքում կա խոշոր ապաստարաններ, հին շենքում` ստրատեգիական պահոցներ, որոնք մեծ տարողունակություն ունեն»,-հավելեց Հրաչյա Թամրազյանը: Արխիվային հավաքածուների պահոցում Մատենադարանի տնօրենը ևս մեկ անգամ վստահեցրեց`պահոցները ենթակա չեն անգամ տարերային աղետների: «Եթե անգամ, Աստված չանի, երկրաշարժ լինի, այս պահոցները կմնան այնպես, ինչպես կան: Նման պահոցները նախատեսված են ձեռագրերի, հնատիպ գրքերի համար: Մեր նորանկախ պետությունը հսկայական ներդրումներ է արել նման համակարգ ստեղծելու համար: Այն, ինչ տեսնում եք, աշխարհի եզակի պահոցներից մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հրաչյա Թամրազյանը: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացված հոգևոր արժեքների պահպանության և տարհանման ծրագիրը բարեհաջող ավարտվեց: Մատենադարանի տնօրենի հրամանով ստեղծված և նախապես հաստատված խումբն օպերատիվ կերպով գրանցեց ձեռագրերը, փաթեթավորեց դրանք, այնուհետև տեղավորեց հատուկ ճամպրուկի մեջ: Դրանից հետո նմուշները տեղափոխվեցին անվտանգ և ապահով ստորգետնյա ապաստարան: Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: