Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը պիտի շրջափակի Կառավարության շենքը՝ թույլ չտալով անդամներին մտնել շենք»

Քաղաքականություն
gov4

Սեպտեմբերի 4-ին «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ այդ օրն իրենք փորձելու են շարունակել օգոստոսի 21-ին կիսատ մնացած գործողությունը՝ քաղաքացիներին բացատրել Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը, նրանց ցույց տալ դրան հասնելու ճանապարհը: «Այդ նպատակին հասնելու համար ժողովուրդը պիտի շրջափակի Կառավարության շենքը՝ թույլ չտալով նրա անդամներին մտնել շենք և աշխատել: Դա շատ հաջող մարտավարություն կարող է լինել, որը պետք է կիրառվի նաև մեր դեպքում»: Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը միանգամայն հնարավոր է համարում «Ո՛չ Թալանին» նախաձեռնության հետ համագործակցությունը: Ըստ նրա՝ երեկ երկու շարժումներն ունեցել են հաջողված համագործակցություն. «Դուք տեսաք, որ երեկ Բաղրամյանում տեղի ունեցող ակցիային զուգահեռ մենք ևս ակցիա իրականացրինք Հանրապետության հրապարակում: Կարծում եմ, որ սա շատ կարևոր էր»: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ քաղաքական ուժերը ևս շահագրգիռ են երկրում փոփոխություններ իրականացնելու համար, և այդ առումով ևս բաց է համագործակցության դաշտը՝ «Հիմնադիր խորհրդարան», «Ժառանգություն», այլ ընդդիմադիրներին մենք կոչ ենք արել գալ հրապարակ և կազմել ժողովրդի վստահության կառավարություն, խաղաղ իշխանափոխության ճանապարհը սա է»: