Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարը քաղաքացի է և ինքն է որոշում իր երեխաների ուսումնական հաստատությունը» (տեսանյութ)

Հասարակություն
septembe8i-1-nkar1

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց կգնա ավելի քան 400 000 դպրոցական, նրանցից 40 000 առաջին դասարանցի է: Այս թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է 2000-ով: 1-ից 4-րդ դասարանցիները դասագրքերը կստանան անվճար, մնացած դասարանների աշակերտները ստիպված կլինեն վարձակալել դրանք: Կրթության և գիտության նախարարության  հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հիշեցնում է Ազգային երգ ու պարի ծրագրի մասին. «Անցյալ տարի ունեցանք 13 դպրոց, որտեղ ուսուցանվեց դասընթացը փորձնական ծրագրով, այսօր թիվը ավելացել է 100-ով»: Ըստ տիկին Հովհաննիսյանի՝ գրեթե լուծված է այդ դասընթացը վարող ուսուցիչների պակասի խնդիրը։ Այժմ ընթանում են երգ ու պար առարկայի ուսուցիչների վերապատրաստումներ, ողջ տարվա ընթացքում ևս այդ ուսուցիչները կլինեն Կրթության ազգային ինստիտուտի հոգածության ներքո: Նարինե Հովհաննիսյանի տվյալներով՝ մինչև 2025 թվականը հանրապետության ամբողջ դպրոցները անցած կլինեն համընդհանուր ներառական կրթության: «Այս պահի դրությամբ հանրապետությունում կա 150 ներառական դպրոց, որտեղ սովորում է 2000 աշակերտ: Կա միտում, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն իրենց երեխաներին տանում են ներառական դպրոցներ: Պակասել է նաև հատուկ դպրոցների թիվը. 53-ից այդ թիվը հասել է 23-ի»: Հարցին, իսկ թե ինչու է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր երեխաներին տանում ոչ թե պետական, այլ մասնավոր դպրոց, տիկին Հովհաննիսյանը պատասխանում է. «Ոչ պետական դպրոցների թիվը 50 էր, հիմա կրճատվել է մինչև 40: Դրանցում սովորող երեխաների թիվը, սակայն, շատ չէ: Ծնողն ազատ է, ինքը կարող է ընտրել երեխայի դպրոցը, Կրթության և գիտության նախարարը քաղաքացի է և ինքն է որոշում իր երեխաների ուսումնական հաստատությունը»: