Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական Վերածնունդ»-ի պահանջը՝ իշխանություններին

Քաղաքականություն
logo

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ-ում մեկնարկած Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարման խորհրդի անդամները ևս մեկ անգամ վերահաստատել են «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, որոնք հինգ սկզբունքային առաջարկությունների տեսքով պաշտոնապես հրապարակվել է մամուլում: «Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անունից հայտարարում է, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների: Կարևորելով ՀՀ նախագահի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունն ընդունելու միավորման առաջարկները, ևս մեկ անգամ վերահաստատում ենք առաջարկությունների սկզբունքային բովանդակությունը: «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումն անընդունելի է համարում խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման քողի ներքո ամբողջ իշխանությունը մեկ անձին` վարչապետին տրամադրելու փորձերը, որոնք ենթադրում են ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում, ինչն ավելի նման է ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական կառավարմանը: Փաստորեն «նախագահ» բառը փոխարինվում է «վարչապետ» բառով` առանց հակակշիռների և հավասարակշռության մեխանիզմների սահմանման: Ահազանգելով իշխանության բալանսավորման համար անկատար մեխանիզմների առկայության առնչությամբ` միաժամանակ մտահոգություն ենք հայտնում, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ հռչակելով փորձ է արվում «Ընտրական օրենսգրքում» ներառել մեծամասնական ընտրական համակարգի բաղադրիչները` դրանով իսկ վտանգելով այս փաստաթղթի կարևորագույն ձեռքբերումը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի ընդունումը: «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը նաև իր մտահոգությունն է հայտնում նախագծում երկրի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրների թերի կարգավորման առնչությամբ, ինչը հիմնարար նշանակություն ունի մեր երկրի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պայմաններում: «Հայկական Վերածնունդը», պատրաստակամություն հայտնելով մասնակցել հետագա քննարկումներին, իշխանություններին կոչ է անում հաշվառել բոլոր փաստարկված առաջարկությունները և ձևավորել դիրքորոշումների համադրության, այլ ոչ թե հակադրության մթնոլորտ: «Հայկական Վերածնունդ» միավորման կառավարման խորհուրդն անդրադարձ է կատարել նաև երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Արձանագրելով ժողովրդի օրեցօր ծանրացող սոցիալական իրավիճակը, խորացող արտագաղթը, սպառողական գների բարձրացումները` պահանջում է համարժեք ու համակարգված քայլերի իրականացում իշխանության տարբեր մարմինների կողմից սոցիալական մեծացող լարվածությունը մեղմելու համար: «Հայկական Վերածնունդ» միավորումը նաև որոշում կայացրեց վերսկսել մարզային հանդիպումները և ժողովրդին տեղեկացնել միավորման գործունեության և առաջնահերթությունների մասին: