Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծափահարեցին այն տնօրենները, որոնք ամեն կերպ օրենքը շրջանցում են»

Հասարակություն
baxshyan

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նոնսենս է որակում հունիսի 28-ին Երևանի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի արած հետևյալ հայտարարությունը. «Դուք գիտեք իմ կարծիքը, ես դեմ եմ ցանկացած օրենքի, և երբ որ օրենք է լինում, ես համարում եմ, որ դա դժբախտություն է, որ մենք հարկադրված ենք օրենքով կարգավորել մեր հարաբերությունները»։ «Լինել կրթության ոլորտի լիազորված պետական պաշտոնյա՝ փոխնախարար, որտեղ ամեն ինչ կարգավորվում է օրենքներով և օրենքն է վերադաս: էս բոլորին եթե ինքը դեմ է, իրավական երկրում նրան տեղն ու տեղը կազատեին պաշտոնից: Օրենքը պաշտպանում է մարդու իրավունքը և դեմ լինել օրենքին, նշանակում է դեմ լինել իրավունքին»,- նշում է տիկին Բախշյանը: Ըստ նրա՝ մեր երկրում շատ ոլորտներում օրենքները չեն աշխատում, սակայն դա չի նշանակում, որ պետք է դեմ լինել օրենքին. «Սա թույլ չի տալիս մեզ ասելու՝ եկեք օրենքով չաշխատենք, ընկերական հարաբերություններո՞վ աշխատենք: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես կարող է փոխնախարարը տնօրենների հավաքին նման բան ասել»: Տիկին Բախշյանին զարմացնում է նաև ներկա տնօրենների ծափահարությունները՝ ուղղված այդ հայտարարությանը: «Հիմա ինչի՞ ենք ասում, որ որոշ դպրոցներում տնօրենները քեֆի տվածը անում են: Ծափահարեցին այն տնօրենները, որոնք ամեն կերպ օրենքը շրջանցում են»: Անահիտ Բախշյանն անդրադառնում է նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հայտարարությանը՝ ներառական կրթության վերաբերյալ, որում մասնավորապես ասվում էր. «Արդյո՞ք ճիշտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան, որ գնում է դպրոց իր հաշմանդամ կողակցին, իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, արդյո՞ք հոգեբանական խնդիր չի ապրում։ Մենք մտածում ենք հաշմանդամություն ունեցող երեխայի մասին, բայց մենք պատասխանատվություն ունենք նաև առողջ երեխայի հոգեբանական խնդրի համար»: «Պարոն Սուքիասյանը կրթության ոլորտի մարդ չէ, նա ոլորտը չգիտի ուղղակի: Խնդիրն այն է, որ նա քաղաքապետարանի ենթակայության դպրոցների կրթության քաղաքականությանը հետևելու պարտականություն ունի: Հիմա ի՞նչ է ստացվում, պետական քաղաքականությունը գնում է դեպի համընդհանուր ներառական կրթության, իսկ ինքը կասկածի տա՞կ է դնում, ինքը կասկածում է պետական քաղաքականությանը»,- նշում է տիկին Բախշյանը: Անահիտ Բախշյանը զարմանք է հայտնում. Երևան քաղաքում շուտով համընդհանուր ներառում կհայտարարվի, ինչպե՞ս վստահ լինենք, որ պարոն Սուքիասյանը պիտի կարողանա այդ քաղաքականությանը ճիշտ հետևել: Անահիտ Բախշյանը ոլորտի կոռումպացվածության արդյունք է համարում թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնում Սուսաննա Սարգսյանի վերընտրությունը. «Մեր իշխանության ձեռագրին հատուկ կոռուպցիան ամեն տեղ է, միս ու արյուն է իշխանության հետ: Վերևից ցուցումը տրվեց և կառավարման խորհրդի ութ անդամ, որոնց մեջ էին երկու ծնող, հանդուրժեցին, որ իրենց երեխաներին կրթի դատված տնօրենը, ով դատվել է իրենց երեխաների կրթության համար նախատեսված գումարները յուրացնելու համար»: