Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եզդի ժողովուրդը եղել է, կա, կլինի». միջոցառում Օղակաձև զբոսայգում

Քաղաքականություն
ezdiner-2

Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող եզդիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ էին այսօր հավաքվել տասնյակ եզդիներ։ Նրանք ոգեկոչում էին 1915 թվականին զոհված եզդիների հիշատակը, նաև հիշեցնում. եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դեռ շարունակվում է։ «Իսլամիստ հրեշները մեր ժողովրդի նկատմամբ ահավոր ոճրագործություն արեցին, որը նույնիսկ զարհուրելի երազներում հնարավոր չէր պատկերացնել։ Մենք չենք մոռանա 1915 թվականը, երբ մեր ժողովրդի շրջանում շատերին սպանեցին, բայց թույլ չենք տա, որ անցյալը մեզ սպանի։ Եզդի ժողովուրդը եղել է, կա, կլինի»,-նշեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։ Նա շեշտեց, որ շարունակելու են պայքարել, մինչև որ իրենց ժողովրդի նկատմամբ այդ դաժանությունները դադարեն, աշխարհն էլ, վերջապես, ուշադրություն դարձնի եզդիների խնդիրներին։ ezdiner 1 Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ցեղասպանությունների կանխարգելման հարցում շատ է կարևորում դիվանագետների աշխատանքը։ «Պատահական չէ, որ ես այստեղ եմ։ Լեհ ժողովուրդն ինքն էլ ենթարկվել է ցեղասպանության։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակում եղավ հայերի ցեղասպանությունը, երկրորդի ժամանակ հրեաների Հոլոքոստը, և այժմ՝ 21-րդ դարում, եզդիների ցեղասպանություն է»։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին զոհվող եզդիների հիշատակը, հնչեցին ազգային երգեր։