Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եզդիներին վաճառում են 15-200 դոլարով». հացադուլ՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ezdiner

Եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ռուստամ Բաքոյանն ու Սաշիկ Սուլթանյանն այսօր եռօրյա հացադուլի են նստել՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Երիտասարդները պահանջում են կառույցից՝ պատշաճ ուշադրություն դարձնել Իրաքի Սինջար եզդիական բնակավայրում իրենց հայրենակիցների նկատմամբ կատարվող ոտնձգություններին։ «Առաջին պահանջն այն է, որ 8000-10.000 եզդիներ, որոնք գտնվում են ծայրահեղականների ձեռքում՝ եզդի կանայք, երեխաներ, ՄԱԿ-ը միջամտի, որպեսզի նրանք վերադարձվեն։ Նրանք այս պահին ենթարկվում են ստրկության, վաճառքի՝ պայմանավորված տարիքով, մաշկի գույնով։ Գինը տատանվում է 15-200 դոլարի սահմաններում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Շամս» ՀԿ ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։ Ասում է՝ հիմա հումանիտար աղետ է եզդիական ճամբարներում և մահմեդականների կողմից այստեղ ևս սպանություններ են տեղի ունենում։ Օրական հինգ, վեց հոգի մահանում է։ ezdi 2   ezdi 3 «Կան 600.000 եզդի փախստականներ, ովքեր հացի ու ջրի խնդիր ունեն։ Մարդիկ սպանվում են իրենց էթնիկ, կրոնական պատկանելիության համար։ Հիմա ՄԱԿ-ը մեզ ոչնչով չի օգնում։ Կա 6000-անոց եզդիական զորք, որը կռվում է։ Բայց ՄԱԿ-ն այդ ուժին օժանդակություն ցույց չի տալիս»,-իր հերթին նշեց Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոնի ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանը։ Երիտասարդները եզդիների անվտանգության միակ պայմանը տեսնում են եզդիական ինքնավարության ստեղծման մեջ։ Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ներխուժեցին եզդիաբնակ բնակավայրեր և հազարավոր եզդիների սպանեցին: Այսօր հարյուր հազարավոր եզդիներ շարունակում են փախստականի կարգավիճակով ապաստանել այլ երկրներում։