Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեկ Իրաքից Հայաստան է տեղափոխվել եզդիների 3 ընտանիք (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-sinjar

«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականի օգոստոսի 3-ից եզդի ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը. «Նպատակը այն է, որ հասարակության ուշադրությունը սեւեռեն այս խնդրի վրա եւ տեղեկացված լինեն։ Չորս հարյուր հազարից ավելի մարդ այժմ գտնվում է փախստականի կարգավիճակում Իրաքի այլ հատվածներում, Սիրիայում, Թուրքիայում եւ այլ վայրերում»,-ասում է «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության անդամ Զեմֆիրա Քալաշյանը։ Երեկ Իրաքից Հայաստան է տեղափոխվել 3 ընտանիք։ Հայաստան տեղափոխված Ֆադլ Բշարն ասում է, որ Շանգալն ազատագրվելու դեպքում էլ չեն վերադառնա այնտեղ. «Հարձակումների ընթացքում մենք կորցրինք մեր հարազատներին։ Հորեղբորս եւ հորեղբորս երկու աղջիկներին։ Նրանց սպանել են փախուստի ճանապարհին։ Եթե անգամ ազատագրվի Շանգալը, բայց նորից քրդերի ենթակայության տակ լինի, ապա անիմաստ է վերադառնալ, քանի որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել,որ մեկ ամիս հետո նույն դեպքերը չի կրկնվի։ Շանգալը պետք է ինքնավար լինի եւ եզդիները հնարավորություն ունենան սեփական զորքեր ունենալու եւ իրենց պաշտպանությունն իրականացնելու։ Այնտեղ առեւտրով ենք զբաղվել։ Այստեղ պարապ չենք ուզում նստել, աշխատանք կգտնենք»,-ասում է Ֆադլ Բշարը։ «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունն այդ ընտանիքների համար նյութական աջակցություն է ցուցաբերել։ ։