Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցանկացած բանական մարդ նայելու է մեր տարբերակին և ասի՝ Օօօօ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar-Hayrikyan

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Սահմանադրական դատարանում պետք է հանդիպեր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացրած հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամներ հետ՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԱԻՄ-ի հեղինակած նախագիծը։ Հանդիպումը սակայն տապալվեց։ «Երեկ՝ ժամը 21։15-ին անհայտ հեռախոսազանգ էի ստացել ։ Ժամը 22։00-ին ետ եմ զանգել այդ համարով , բայց չեն պատասխանել։ 15 րոպե անց ինձ զանգել է կանացի ձայնով մեկը՝ ինչ-որ Սիրանուշ Սահակյան և ասաց, որ ՍԴ-ն շատ կարևոր նյութ է ստացել Վենետիկի հանձնաժողովից և բոլոր աշխատակիցները, ամբողջ հանձնաժողովը պետք է զբաղվեն այդ նյութի ուսումնասիրմամբ , այնպես որ մեր հանդիպումը մեկ շաբաթ հետաձգվում է։ Եթե սա սադրանք էր ոչ բարեկամների կողմից, ուրախալի է, որ այդքան լուրջ անհանգստանում են, իսկ եթե սա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին տրված հրաման է ՝ չեղյալ համարել այսօրվա հանդիպումը, ապա դա միասին կպարզենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը։ Հայրիկյանը կատարվածին տարակուսանքով է վերաբերում։ «Դուք պատկերացնում եք, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ժամը 10-ին իբրև թե գրություն է ստացել Վենետիկից։ Էդ ինչ գրություն պիտի լիներ կամ Վենետիկի հանձնաժողովը էդ ինչ օպերատիվ կազմակերպություն է,  շտապ աշխատող, որ այդքան արագ պետք է արձագանքեն նրանց ասածին, բայց քանի որ հեռախոսահամարը կա, մենք էլ հետ են զանգել ու խոսացել ենք , իրավունք ունեմ հավատալու, որ իսկապես ազնիվ մարդ է եղել խոսացողը»,-ասում է նա։ Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Սիրանուշ Սահակյանի զանգը ինչ-որ բանով պայմանավորված է եղել, սակայն ոչ Վենետիկից ստացված նամակի հետ։ «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե որն է նման վերաբերմունքի պատճառը, երբ սկզբում հանդիպում են նշանակում, բայց հետո անհասկանալի հանգամանքներով պայմանավորված հետաձգում են այն , ի պատասխան Պարույր Հայրիկյանը նշեց. « Մեր ներկայացրած տարբերակը, ավելի ճիշտ սահմանադրական փոփոխությունների առաջին լուրջ փաթեթը, որը մենք ներկայացրել ենք , իր մեջ որևէ քննադատելի տարր անգամ չի պարունակում, այսինքն` մեր ներկայացրածը, ցանկացած բանական մարդ նայելու է և ասի՝ Օօօօ , այս ինչ արտակարգ բան է, սա քաղաքացու դիրքերից, իսկ եթե դու դրան նայես, քո իշխանությունը, անպայման, պահելու դիրքերից , ապա սա շատ վտանգավոր փաստաթուղթ է ։ Հիմնական տագնապը գալիս է նրանից, որ իրենք գործ ունեն մի քանի տասնամյակ մշակված փաստաթղթի հետ, որի դեմ առարկություն ունենալ չեն կարող ։ Հիմա նրանք չեն կարող սա քննադատել, չեն կարող ասել, որ լավը չի, ուրեմն ինչ է մնում՝ մնում է փախնել»։ Այնուհետ Պարույր Հայրիկյանը ՍԴ-ի շենքում արդեն հեռախոսով խոսեց ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարի հետ։ Վերջինս ներողություն խնդրեց, որ այսօրվա հանդիպումը չի կայանալու, իսկ պարոն Հայրիկյանը ասաց. « Ես ներողությունը ընդունում եմ, սակայն ինչ է նշանակում հանդիպում նշանակել Հայաստանի առաջին քաղաքական ուժի, քաղաքական կազմակերպության հետ, սակայն հետո գնալ Վենետիկի փաստաթղթեր քննարկելու, չթողնելով նույնիսկ ձեր անձնակազմից երեք հոգու, որպեսզի ձեր իսկ նախաձեռնած միջոցառումը կայանա։ Սա հերթական խաբկանքն է՝ մեր ժողովրդի հանդեպ, սրանով երևաց , որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով , ըստ էության, գոյություն չունի, կան ուղղակի կամակատարներ , որ տարբեր առիթներ են փնտրում , որպեսզի մեր ժողովրդի համար պիտանի որևէ նախաձեռնություն զարգացում չապրի»։