Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով կարող է Հայաստանում հեռուստաընկերություն բացել (տեսանյութ)

Հասարակություն
timthumb.php_5

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի ամբողջ տարածքում ավարտվել են թվային հեռարձակման անցնելու համար անհրաժեշտ 211 հեռուստակայանի մոնտաժման աշխատանքները։ Այսպիսով՝ երկրի ողջ տարածքում այլևս հնարավոր է դիտել թվային հեռուսատեսություն։ Այս մասին հայտնեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սահակ Դավթյանը։ Դրա համար  անհրաժեշտ է ունենալ թվային ազդանշանն ընդունող սարք, որի արժեքը շուկայում սկսվում է 8000 դրամից։ Պետությունը հանձն է առել շուրջ 150000 անապահով ընտանիքի ապահովել այդպիսի սարքերով։ Գործընթացը առաջ չի գնում, անալոգային հեռարձակումը, սակայն, երկարաձգվել է ընդամենը վեց ամսով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը թվային հեռարձակման անցնելու գործընթացում առանձնացնում է երեք բաղադրիչ, որոնք պարտադիր են լուծման համար՝ տեխնիկական, օրենսդրական և սոցիալական։ «Տեխնիկական հարցն արդեն լուծվել է, սակայն բաց են մնում մյուս երկուսը. պետությունը դեռևս չի սկսել 150000 անապահով ընտանիքի դեկոդերների բաժանման այդ գործընթացը, իսկ օրենսդրական բաղադրիչի պարագայում դեռևս անորոշություն է»։ Պարոն Մելիքյանի խոսքով՝ դեռևս անորոշ է մնում նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենսդրական փաթեթի ճակատագիրը։ «Լրագրողական երեք կազմակերպություններ միասին մշակել են օրենսդրական նախագիծ, որը լիովին ազատականացնում էր դաշտը։ Կարծես թե կոնսենսուս կար նաև իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն որոշ ժամանակ անց այդ նույն մարդիկ հայտարարեցին, որ այլևս իրենք չեն զբաղվելու տվյալ հարցով, նոր իրավիճակ է ստեղծվել ու հետաձգվում է»։ Ըստ նրա՝ կառավարության կողմից ընդունված օրինագծի տարբերակում հաշվի էին առնվել իրենց առաջարկների մոտ 80%-ը, ընդ որում՝ որոշ առանցքային հարցեր ևս ընդունվել էին, մասնավորապես՝ լիցենզավորման հեշտացված կարգը, ինչը հնարավորություն կտար նոր հեռուստաընկերությունների մուտք գործել եթեր։ «Ես տեղյակ եմ, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հարց են տվել՝ ի՞նչ է, ով ուզի՝ հեռուստաընկերությո՞ւն կարող է բացել։ Դա ամենևին էլ 21-րդ դարի հարց չի, հիմա. Երբ տեխնոլոգիաներն այսպես զարգանում են, և որևէ արգելանք հնարավոր չի դնել լրատվական գործունեություն իրականացնելու համար։ Հեռուստատեսությունն այդտեղ պետք է բացառություն չկազմի»։