Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռենջերներ» մուլտֆիլմը երեխաների մեջ առաջացնում է ագրեսիվություն (տեսանյութ)

Հասարակություն
power-rangers

Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները վատ են աշխատում մանուկների համար. համոզված է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, տեսաբան Կարինե Տիտանյանը. «Այսօր մենք մանկական հաղորդումների խիստ պակաս ունենք, երեխաները միայն մուլտֆիլմերով չէ, որ պետք է զարգանան։ Երեխան հազար ու մի հետաքրքրություն ունի, ու դա պետք է բավարարեն հենց հաղորդումների միջոցով»։ Այս խնդիրը, ըստ տեսաբանի, համապետական է, պետք է լավագույն հոգեբանները, ռեժիսորները, մասնագետները հավաքվեն ու պատրաստեն հաղորդումներ, որպեսզի երեխաները չդիտեն արտասահմանյան սարսափազդու մուլտֆիլմեր։ Հոգեբան Աննա Բադալյանի կարծիքով՝ համակարգիչը նույնպես լրատվամիջոց է, տեղեկատվության հաղորդման միջոց, սակայն պետք է երեխայի մոտ ձևավորվի համակարգչի հետ շփվելու մշակույթ. «Համակարգիչը պետք է ոչ թե անփոխարինելի զբաղմունք լինի, այլ հետաքրքրություններից, զբաղմունքերից մեկը՝ ծնողների վերահսկողության տակ»: Ըստ նրա, համակարգչային խաղերը երեխաների համար վարժանքներ են, զարգացնում են մտածողությունը, երևակայությունը, բայց պետք է լինի ծնողների հսկողության տակ և քիչ ժամանակով: «Ա1+»-ի հարցին, թե ինչպիսի ազդեցություն են ունենում, այլընտրանք հանդիսացող մուլտֆիլմերն ու հաղորդումները երեխաների վրա, հոգեբանը պատասխանեց. «Հիմնականում շատ վատ, օրինակ՝ «Ռենջերներ» մուլտֆիլմը երեխաների մեջ առաջացնում է ագրեսիվություն։ Գույները շատ են, կռիվներն ու բախումները՝ անդադար»։ Իսկ Կարինե Տիտանյանը նկատել է, թե ինչպես է, այսօրվա սերնդի վարքագիծը փոխվել. «Ես ուզում եմ, որ երեխաները այդ մուլտֆիլմերը ու հաղորդումները նայելուց հետո ավելի բարի լինեն, ավելի հանգիստ խոսեն, բայց այն սարսափելի ձայները, որ կան այդ մուլտֆիլմերում, ահավոր են»։