Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսիպյան. «Մենք չենք մոռանում հունիսի 23-ը, չենք փակում այդ էջը» (տեսանյութ)

Քաղաքականություն
osipyan

Բաղրամյան պողոտայում այսօր կեսօրին ակտիվիստ Տիգրան Հակոբյանը, որն իր խոսքերով՝ օրերս է վերադարձել Իսպանիայից` անձամբ տեղեկանալու, թե ինչ է կատարվում, կոնկրետ հարց ուներ ոստիկանությանը` ում կողմից է իրականում փակվել Բաղրամյան պողոտան: Նրա հարցերին պատասխանեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` ասելով, որ իրենք են փակել` այդպիսով կանխելով անօրինական հավաքն ու երթը դեպի նախագահի նստավայր: Այնուհետեւ Վալերի Օսիպյանը սկսեց մանրամասն նկարագրել ու պատմել այս օրերի կատարվածն ու իր մոտեցումներով կիսվել: Նա նշեց, որ այն ինչ անում են քաղաքացիները, նաեւ իր ու իր ընտանիքի համար են անում. «Մենք հաղթանակ ունենք, որ օգոստոսի մեկից չենք վճարելու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը: Ես դա համարում եմ հաղթանակ, սակայն պետք է տեղափոխվել քաղաքակիրթ դաշտ ու օրինական ձեւով անել քայլերը»: Ըստ նրա` ոստիկանությունը ամբողջ ընթացքում դրսեւորել է հանդուրժողկանություն, թեեւ հենց առաջին իսկ օրվանից օրենքով սահմանված կարգով կարող էին ամեն ինչ անել, որպեսզի բացեն Բաղրամյան պողոտան. «Մենք չենք մոռանում հունիսի 23-ը, չենք փակում այդ էջը, մենք էլ ենք տեսնում, որ դա սոցիալական հարց է, եւ մարդիկ մեզ բոլորիս համար են դուրս եկել: Այս պահին, վստահեցնում եմ ձեզ, ծառայողական քննության շրջանակներում արդեն կա քրեական գործ հարուցված որոշ ոստիկանների նկատմամբ: Ես չեմ արդարացնում որոշ ոստիկանների արարքները, հատկապես դա վերաբերում է քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք գործել են ոչ համաչափ քաղաքացիների նկատմամբ»: Պարոն Օսիպյանը պարբերաբար կոչ էր անում հավաքված ակտիվիստներին` բացել Բաղրամյան պողոտան, հանել աղբամանները. «Եվ, ի վերջո, Բաղրամյան պողոտան ոչ մեկ ձեր ձեռքից չի խլելու. ցանկացած պահի կարող եք վերադառնալ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե հավաքեն աղբամանները, անգամ մահակ ու ձեռնաշղթա չի կիրառվի ձեր նկատմամբ, ավելորդ եմ համարում անգամ ջրցան մեքենաները: Ձեր հավաքը կարող եք անել առանց աղբամանների: Մենք անգամ կմիջնորդենք, որ այստեղ բերվի, տեղադրվի այն, ինչ մեզ մոտ է տեղադրված` ուղեփակոցներ: Հավատացեք` եթե մենք գնանք գործողությունների, մենք չենք նայելու այս աղբամաններին, մենք սա ընդհանրապես չենք համարում պատնեշ: Ի դեպ, աղբամանների հարցով էլ կա գործ հարուցված, քանի որ սեփականատերը դիմել է, դրանք առգրավելու որոշում էլ կա, թեեւ ակտիվիստները խոչընդոտեցին այն օրը: Եթե աղբամանները հանվեն, դա նաեւ հաղթանակ կլինի ձեր կողմից»: Այնուհետեւ փոխոստիկանապետը վստահեցրեց, որ կարող են իրենց ջրցան մեքենաներն օգտագործեն, տարածքը մաքրեն աղբից. «Ես անգամ կարող եմ ձեզ ուղղորդել, խորհուրդներ տալ, թե ինչպես տեղափոխվել Ազատության հրապարակ ու այնտեղ անցկացնել խաղաղ հավաք: Անգամ կգամ քաղաքապետարան ձեզ հետ, որ իրազեկում ներկայացնեք երթի համար նույնիսկ դեպի Բաղրամյան 26: Ոստիկանությունը ձեզնից առավել մտահոգված է. այն, ինչ մեզնից կախված է, մենք կաջակցենք: Սակայն հիմա մենք ավելի շատ խոսում ենք, քան գործ անում. միջոնրդեք, որ այս աղբամանները հանեն»: