Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր բյուջեից ավելի՞ն է արտաքին պարտքը». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
APFWzlrdE3w

Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին պետական վարկ տրամադրելու համաձայնագրից խոսելով, նշեց. «Այս համաձայնագիրը կնքվել է ռազմավարական գործընկերոջ հետ, որը մեզ հնարավորություն է տալիս իր իսկ կողմից տրված արտոնյալ վարկով ու գներով ռազմական նշանակության ռուսական արտադրանք գնել։ Սա կապահովի անվտանգության մակարդակի էական բարձրացում, Ադրբեջանի ռազմական հռետորաբանության նվազեցում»։ Նա կարծում է, որ համաձայնագիրը շատ արդյունավետ է և պատգամավորները պետք է չափավոր լինեն գնահատականներ հնչեցնելիս. «Մեր ռազմական գերատեսչությունը ղեկավարում են այնպիսի անձինք, ովքեր պատերազմի բովով են անցել և լավ գիտեն անվտանգության ապահովման ուղիները»։ Նրա ելույթին արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ «Պարոն Թորոսյան, եթե Ռուսաստանը բավականին թանկարժեք զենք մատակարարի Ադրբեջանին, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Այդ ձեր գոված ղեկավարությունը նորի՞ց պետք է լռի, թե՞ ինչ-որ ձևով կարձագանքի, կամ հետո նորից կգնա Ռուսաստանից վարկ խնդրելու»։ «Ես որևէ մեկին չեմ գովում, դրա անհրաժեշտությունը չունեմ։ Ես այստեղ ներկայացնում եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կարծիքը։  Մենք հետամուտ ենք մեր ազգային անվտանգության խնդիրները լուծելու հարցում և զարգացնում ենք հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ»,-պատասխանեց ՀՀԿ պատգամավորը։ Այնուհետ ամբիոնին մոտեցավ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ «Մեր հանձնաժողովը այս հարցի շուրջ դրական եզրակացություն ունի»,-նշեց նա։ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նրան էլ ուղղված հարց ուներ. «Որքա՞ն է մեր երկրի արտաքին պարտքը և քանի՞ տոկոսով է ավելանալու այն՝ այս վարկը վերցնելուց հետո»։ Պարոն Մինասյանն այս հարցերից որևէ մեկին հստակ պատասխան չտվեց. «Այս պահին չեմ կարող ասել, թե որքան է պարտքը։ Մայիսի դրությամբ շուրջ 4,6 մլրդ դոլար է եղել։ Իսկ թե քանի տոկոսով է ավելանում, դա համախառն ներքին արդյունքից է պարզվում, ինչը տարեվերջին պարզ կլինի»։ «Այսինքն մեր բյուջեից ավելի՞ն է արտաքին պարտքը»,-հարցրեց տիկին Փոստանջյանը։ «Սովորաբար, բոլոր երկրներում պարտքը հաշվվում է ոչ թե բյուջեի, այլ ներքին համախառն արդյունքի համեմատ, և այս առումով Հայաստանը յուրահատուկ չէ»,-նշեց պարոն Մինասյանը։ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Զինուժի՝ քաղաքականության մեջ ներգրավվելու հարցին։