Պոլիտեխնիկը ռեկտոր է ընտրում. հնչում են փոխադարձ մեղադրանքներ (տեսանյութ)
Այսօր առավոտից Պոլիտեխնիկում մեկնարկել են ռեկտորի ընտրությունները։ Թեկնածուներն են՝ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը եւ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը։ Հիշեցնենք՝ վերջինիս եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարաբերությունները լարված են՝ Հովհ. Թոքմաջյանի անվան հետ կապված սեքս-սկանդալի պատճառով։ «Մենք բուհում չունենք ներուժի խնդիր, չենք կարող հանդուրժել բուհի վերաբերյալ ցանկացած վիրավորանք, սկանդալներ լինում են այն ժամանակ, երբ բռնում են մեղավորի ձեռքը։ Ընտրվելու դեպքում իմ առջեւ խնդիր եմ դնում բուհն ընդգրկել աշխարհի 300 առաջնակարգ տեխնիկական բուհերի շարքում։ Իմ մրցակցի հետ տարբեր կարծիքներ ունենք, ուրախ եմ, որ իմ ուսանողները կարող են դրսում ուսումը շարունակել, դա արտագաղթ չէ»,- իր ելույթում մասնավորապես նշեց Պոլիտեխնիկի ռեկտորի թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը։ Խորհրդի անդամ ուսանողներից Արեգ Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ուսանողներին փորձում էին ճնշել տարբեր ճանապարհներով. «Այդ խաղը էլ մի բերեք, երբ 18-20 տարեկան ուսանողների հանդեպ կարող են ամենավատ, ցածր մոտեցումները ցուցաբերել»։ Ուսանող Գեւորգ Հարությունյանն էլ ասաց, որ պոլիտեխնիկը միայն սկանդալների մեջ է, «բայց ես կարծում եմ, որ սա վերջին օրն է»։ Դոցենտ Ֆելիքս Փառիկյանն իր ելույթում նշեց, որ երբ նախկինում մյուս թեկնածուն՝ Ոստանիկ Մարուխյանն էր ռեկտոր, իր պաշտոնավարման ավարտի շրջանում Արմեն Աշոտյանի տեղակալ Արա Ավետիսյանը բացասական բաներ էր հնչեցնում նրա հասցեին, հետո որոշեցին ռակիրովկա անել, հետո Թոքմաջյանին բերեցին, եւ համալսարանը Թոքմաջյանի պաշտոնավարման սկզբից նրա դեմ էր պայքարում. «Պրն Աշոտյան, Պոլիտեխնիկը փորձադաշտ չէ, սա դեռ քիչ է՝ նախարարի ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա թույլ չի տա ուսանողներից մեկի գլխից մազ պակասի, կամ ինչ է նշանակում՝ շոուի ավարտին մնացել է կարճ ժամանակ։ Սա պոպուլիստական դրսեւորում է»։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում ասաց. «Այն դրական շղթան, որ սկսվեց Թոքմաջյանի պաշտոնավարման ժամանակ, եղավ շնորհիվ ինձ, պրն Փառիկյան, ես կարծում, եմ, որ դուք ինձ շնորհակալական խոսք պետք է ուղղեիք, ես եմ նրան բերել ձեզ ներկայացրել։Ես չունեմ անձնական խնդիրներ բուհերում, եթե ունեմ էլ խնդիրներ, դրանք լուծել եմ, մինչեւ ռեկտորի այս ընտրությունները։ Շնորհակալ եմ, որ հետեւում եք իմ ֆեյսբուքյան էջին, Պոլիտեխնիկի հանդեպ իմ սիրտը միշտ շատ է ցավել, անկախ սկանդալներից, մետամորֆոզներից, բուհը ստացել է խրախուսական մրցանակներ, ռեկտորի պաշտոնակատարին ես Ծաղկաձորում անձամբ եմ հանձնել հավաստագիր, ես չեմ ուզենա, որ ձեր երեխաների եւ թոռների հանդեպ այնպես վարվեն, ինչպես վարվեցին վերջին ամիսներին ճարտարագիտականի խորհրդի անդամ ուսանողների հետ»։ Հովհաննես Թոքմաջյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ չի կարելի գործել ոչ թե խղճի մտոք, այլ ուրիշի թելադրանքով։ Ոստանիկ Մարուխյանը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը գնահատողներին եւ չգնահատողներին. «Երբեք մի եղեք հիշաչար, դա վատ խորհրդատու է»։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էլ իր ելույթում նշեց. «Բարդ է շփվել Թոքմաջյանի հետ, երբ մամուլը տարբեր տեսակետներ է հնչեցնում։ Ընտրությունների նախապատրաստական փուլն անցավ, ինչպես ամբողջ Հայաստանում՝ միմյանց ասել, զանգել, խնդրելով»։ Ավելին՝ քիչ անց