Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էքսցենտրիկ Բեթ Հարթը հանդես կգա նվագախմբի ու «Դորիանս»-ի հետ

Մշակույթ
bet

Հուլիսի 3-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթի համերգը՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ։ Հնչելու են երգչուհու երգացանկի ամենահայտնի գործերը։ «Համերգը բացառիկ է նրանով, որ Հարթի կարիերայում առաջինն է՝ նվագախմբի մասնակցությամբ»,-նշել է համերգի կազմակերպիչ One Production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը։ Ասում է՝ ներկայում բանակցում են նաև այլ հայտնի երաժիշտների հետ և շուտով երաժշտասեր հանդիսատեսն առիթ կունենա ունկնդրելու նաև այլ հայտնի կատարողների։ «Նա աշխարհահռչակ, տաղանդավոր երգչուհի է, նաև թրենդ ստեղծող կատարող։ Եվ այս համերգն իրոք բացառիկ է լինելու, թեև այդ բառն այնքան է շահարկվել, որ արդեն արժեզրկվել է։ Բայց այս դեպքում դա իսկապես իրականություն է։ Մեր նվագախումբը փորձում է տարբեր ձևաչափերով ներկայանալ, և սա էլ նոր տարբերակ է»,-նշել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։ Նա հայտնել է նաև, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ձևավորված 24.04 համաշխարհային նվագախումբը շարունակելու է իր ելույթներն արդեն Հայաստանից դուրս։ Իսկ այս համերգի առնչությամբ երիտասարդ երաժիշտը նշել է, որ հայտնի լինելն ու որակը ներկայում միմյանց հետ այնքան էլ կապ չունեն, բայց ինքն ուրախ է, որ աշխատելու է և հայտնի, և որակյալ արվեստ ներկայացնող երգչուհու հետ։ Բեթ Հարթը նույն համերգի ընթացքում ելույթ կունենա նաև «Դորիանս» խմբի հետ։ Տոմսերի արժեքը 7000-70.000 դրամ է։