Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ նախաքննական մարմինը փորձաքննության չվերցրեց Լիսկայի հագուստը» (տեսանյութ)

Քաղաքականություն
21b29d0056b0b8470b155c089c1621b2

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները որակեց որպես բեմադրություն։ «Այս իբրև թե մահափորձը եղավ, որպեսզի մենք մոռանանք Բուդաղյանների հետ կատարվածը, սա եղավ, որպեսզի շեղեն մեր ուշադրությունը Զախարյանների հետ տեղի ունեցածից՝ Լիսկայի որդու ձեռով Զախարյան եղբորը հաշմանդամ դարձնելը։ Այս ամեն ինչը նախօրոք պլանավորված սցենար էր»,-նշեց պարոն Եղիազարյանը։ Վերջինս մատնանշեց այն հանգամանքները, որոնք ըստ իրեն՝ կասկածելի են թվում։ «Լիսկան երբեք առանց թիկնազորի չի շրջում Սյունիքում։ Այդ ինչպես պատահեց,որ այդքան արձակված կրակոցներից ոչ մեկը, նույնիսկ այն , որ կպել էր մեքենայի դիմապակուն, չդիպավ իր նշանակետին։ Ինչո՞ւ նախաքննական մարմինը փորձաքննության չվերցրեց Լիսկայի հագուստները, այդ պահին նրա հետ եղածների շորերը, առավել ևս եթե այդքան կրակոց է արձակվել, ապա փորձաքննությունը միանգամից ամենայն ճշտությամբ կարող էր պարզել՝ վերնաշապիկի, փողկապի և կոստյումի վրայի եղած մնացորդները, որոնք առաջացած կլինեին փամփուշտից հետո»,- շեշտեց պարոն Եղիազարյանը։ Նրա կարծիքով՝ այսուհանդերձ, նախաքննական մարմինն առաջիկայում կհայտարարի, որ կատարել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները , ուսումնասիրել է բոլոր փաստերը և կգտնի մեղավորներին։ «Կգտնվի Զախարյան եղբորը հաշմանդամ դարձրած անձը, կգտնվի պետական բարձր պաշտոնյա Լիսկայի վրա կրակող և նրա նկատմամբ մահափորձ կատարած անձը։ Նրանք կգան, ինքնախոստովանական ցուցմունք կտան, «Шоколадные отношения»-ներով կգան կնստեն, հետո դուրս կգան կամ էլ բերդում կմնան, որ հետո բերանները չբացեն։ Զախարյանների դեպքում դա չի լինի Լիսկայի որդին, այլ մի սովորական գեղջուկ ընտանիքի որդի, ում գլխին էլ կբարդվի այս ամենը»։ Ելնելով այս ամենից՝ Գուրգեն Եղիազարյանը Սյունիքի մարզը համարեց համակենտրոնացման ճամբար, որտեղ անտերություն ու ամենաթողություն է՝ մարդիկ չգիտեն, թե վաղն արթնանալով՝ ինչ է գալու իրենց գլխին։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը զերծ մնաց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ տալ։ «Ես ճիշտ չեմ գտնում նախաքննական փուլում գտնվող գործերի վերաբերյալ մեկնաբանություններ անել։ Կարծում եմ, որ նախաքննական մարմինը կկարողանա պարզել դեպքի հանգամանքներն ու օբյեկտիվ քննություն վարել, ըստ այդմ էլ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։ Միայն կարող եմ նշել, որ ՀՀԿ-ն դատապարտում է ցանկացած անձի նկատմամբ կիրառված բռնություն»,-եզրափակեց նա։