Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի ծնող տնօրենին ոսկեղեն է նվիրում, մյուսը պետք է դիմանա ամբիցիաներին». ԿԳ նախարար (տեսանյութ)

Հասարակություն
ashotyan

Անցում 12-ամյա կրթությանը, ազգային երգ ու պար առարկայի ներդրում. սրանք անցած 12-ամիսների ընթացքում կրթական ոլորտում տեղի ունեցած փոփոխություններն են։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Կառավարության մեկ տարվա աշխատանքի համատեքստում ամփոփելով իր ղեկավարած ոլորտի աշխատանքը, կարևորել է նաև օրեր առաջ Երևանում անցկացված միջազգային կրթական համաժողովը։ «Սա ամենամեծ ձեռքբերումն եմ համարում վերջին մեկ տարվա ընթացքում։ Եվ ոչ միայն կրթական, այլև քաղաքական առումով, քանի որ Հայաստանի վարկանիշը բարձրացավ միջազգային ասպարեզում»,-շեշտել է պարոն Աշոտյանը։ Նա չի դրժել, որ համաժողովը «թանկ է նստել» մեր երկրի վրա։ «Ծախսերը մոտ 100 մլն դրամ են կազմել։ Բայց դրա միայն 60 տոկոսն է բյուջեից, մնացյալը՝ եվրոպական կազմակերպություններն են հոգացել»,-շեշտել է նախարարը։ Պարոն Աշոտյանը հիշեցրել է, որ սեպտեմբերից առաջին դասարանի աշակերտներին բաժանվելու են «Արմթաբ» համակարգիչներ։ «Սրանով հայալեզու կրթական բովանդակության նոր պաշար ենք ստեղծելու»։ Անցած մեկ տարվա կարևոր ձեռքբերում է համարում նաև այն, որ գիտական աստիճանի շնորհման հարցում որակական պահանջներն են բարձրացվել, փոխարենը՝ բյուրոկրատական հարցերը հեշտացվել են։ «Իսկ ԵԿՄ-ի և Պաշտպանության նախարարության հետ համատեղ սկիզբ ենք դնում պատանի երկրապահների ակումբների ստեղծմանը»,-հայտնել է նա։ «Չունենք ձախողված ծրագիր»,-հպարտությամբ նշում է կրթության ոլորտի պատասխանատուն, բայց չի ժխտում, որ անելիքներ շատ կան։ Դպրոցների դրամահավաքների հարցում էլ կարծում է, որ ամեն խնդիր չէ, որ նախարարությունը կարող է լուծել։ «Մենք չենք կարող գնալ ու միջամտել միջծնողական հարաբերություններին։ Կան ծնողներ, ովքեր ուզում են տնօրենի աչքին լավ երևալ ու որոշում են թանկ նվեր գնել, որը պետք է լինի անպայման ոսկեղեն, իսկ մի ուրիշ ծնող պետք է դիմանա այդ ամբիցիաներին»,-ասել է պարոն Աշոտյանը։ Իսկ բուհերի՝ Գյումրի տեղափոխելու վերաբերյալ շեշտել է. «Այս պահին Երևանից որևէ բուհ տեղափոխելու կոնկրետ նախագիծ չկա։ Բայց կարելի է որոշ բուհեր ոչ միայն Գյումրի, այլև ասենք Աբովյան տեղափոխել, քանի որ այնտեղ Խորհրդային շրջանից մնացած լավ շենքեր կան»։ «Ես չունեմ «լյուբիմչիկներ» բուհերի մեջ»,-նշել է պարոն Աշոտյանը։