Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կան ուժեր, ովքեր վախենում են Քոչարյանի վերադարձից»

Քաղաքականություն
Isagulyan-Garnik4

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Գագիկ Ծառուկյանը չի հեռացել քաղաքականությունից, այլ առկախել է իր ակտիվ մասնակցությունը քաղաքական պրոցեսներին։ «Ինքը ցանկացած պահի կարող է վերադառնալ։ Դժվարագույն իրավիճակում Ծառուկյանը մնաց մենակ, և այն մարդիկ, ովքեր նրան ակտիվ գործողությունների կոչեր էին անում, անգամ նրանք մենակ թողեցին»,- նշում է Իսագուլյանը։ Վերջինս համարում է, որ Գագիկ Ծառուկյանի կուսակից ընկերները պետք է լուռ չհետևեին վերջինիս շուրջ տեղի ունեցող գործընթացներին, այլ պետք է դուրս գային Ազատության հրապարակ ու հացադուլ սկսեին։ Ռիգայում Սերժ Սարգսյանի ելույթը Իսագուլյանը գնահատում է կարճ ու համառոտ ելույթ, որը պետք է հնչեր ավելի վաղ՝ 2009 թվականին, երբ Հայաստանը սկսում էր Եվրոասոցացման գործընթացը։ «Սեպտեմբերին Եվրոպան Հայաստանին մենակ թողեց, իսկ ուկրաինական դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի որդեգրած «և՛, և՛»-ի քաղաքականությունը ճիշտ էր, իսկ Եվրոպայի կողմից առաջ քաշված «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությունը վտանգավոր է ո՛չ միայն «Արևելյան գործընկերության» երկրների համար, այլ նաև հենց իր համար»,- կարծում է Գառնիկ Իսագուլյանը։ Սեպտեմբերից Իսագուլյանը նոր քաղաքական գործընթացներ է կանխատեսում Հայաստանում։ Իշխանությունների՝ Սահմանադրական փոփոխությունների ցանկությունը իր հետ կբերի նոր ուժերի ի հայտ գալուն և այդ փոփոխությունների դեմ պայքար ծավալելուն։ Լրագրողների այն հարցադրմանը՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը, Իսագուլյանը նշեց, որ Քոչարյանը չի էլ հեռացել քաղաքականությունից և միանգամայն հնարավոր է նրա՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը։ «Պարոն Քոչարյանը տիրապետում է մարդկային և այլ ռեսուրսների՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար, և կան ուժեր, որոնք ուղղակի վախենում են նրա վերադարձից»,- հավելեց Իսագուլյանը։