Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք մրցավարը խլեց «Արարատից» հաղթանակը. Ֆուտբոլի հայկական առաջնություն

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Նախ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց հանրապետության չեմպիոն «Փյունիկի» հետ, չնայած երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Փյունիկցիները պարտությունից խուսափեցին մրցավարի կողմից նշանակված 11մ հարվածի օգնությամբ, որը վստահ իրացրեց հյուրերի լավագույն ռմբարկու Ռոմերոն:   Ի դեպ, այդ դրվագը դժգոհություն առաջացրեց արարատցիների մոտ, որի պատճառով երկու ֆուտբոլիստ, այդ թվում դարպասապահը, դեղին քարտի արժանացան (հարկ է նշել, մեր եւ արտասահմանյան լրատվամիջոցները չեն նկատել այդ պահը): Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ասաց, որ 11մ հարված կար, քանի որ գնդակը դիպել է «Արարատի» ֆուտբոլիստի ձեռքին: Սակայն եթե իրոք գնդակն է դիպել ֆուտբոլիստի ձեռքին, ապա դա չի որակվում որպես ձեռքով խաղ եւ 11մ հարված չի նշանակվում:   Խաղից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչները նշեցին, որ մոտիվացիա չկար ֆուտբոլիստների մոտ եւ շատ դժվար էր նրանց տրամադրել պայքարի: Այս խնդիրը նորություն չէ Հայաստանի առաջնության համար, քանի որ թիմերը երբ հասնում են իրենց նպատակին, այսինքն, եվրոգավաթների ուղեգիր են նվաճում, ապա անմիջապես կորցնում են հետաքրքրությունը առաջնության նկատմամբ: Իսկ ահա այլ կերպ կլիներ, եթե լիներ պրոֆեսիոնալ լիգա եւ ամեն մի հանդիպումն իր գինն ունենար, ինչպես ընդունված է եվրոպական շատ երկրներում:   Ինչեւէ, «Արարատը» 10-րդ միավորը վաստակեց առաջնությունում եւ խուսափեց մրցաշրջանը միանիշ թվով ավարտելու խայտառակությունից: «Փյունիկը» խույս տվեց երկրորդ անընդմեջ պարտությունից, հակառակ դեպքում կդառնար Եվրոպայի «ամենապարտվող» չեմպիոն թիմը:   Այսօր կայացած «Միկա» - «Ուլիս» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: Սա միկացիների 8-րդ պարտությունն էր առաջնությունում, որն այնքան էլ ժամանակին չէր, քանի որ թիմը դեռևս չի ապահովել 4-րդ տեղը, դրա հետ միասին Եվրոպայի լիգայի ուղեգիրը: Եթե վաղը «Ալաշկերտը» հաղթի «Շիրակին», ապա այդ տեղի համար վերջին տուրում սպասվում է անչափ լարված պայքար:   Հավելենք, որ ֆուտբոլային առաջատար երկրների առաջնություններում վերջին մի քանի տուրերի խաղերն հիմնականում անցկացվում են նույն օրը, նույն ժամին, որպեսզի պահպանվի արդար խաղի սկզբունքը: Սակայն Հայաստանի առաջնությունում այդ սկզբունքը չի պահպանվում: Մենք, 1992 թվականից սկսած, միշտ հայկական տարբերակով ենք անցկացնում մեր առաջնությունները՝ անընդհատ տեղի, ժամի փոփոխություններ, խաղերի հետաձգումներ եւ այլն: