Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոերթ «Մեծ երթից» առաջ (տեսանյութ)

Հասարակություն
ակցիա21

Այսօր Հրազդան մարզադաշտի մերձակա տարածքից մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը։ Նախաձեռնության անդամները  նախատեսում են մայիսի 27-ին, ժամը 19։00-ին Ազատության հրապարակից սկսել «Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեծ երթ», և այսօրվա ավտոերթը այդ միջոցառումը  իրազեկելու նպատակով էր։ Ակտիվիստների ավտոշարասյունը շրջեց Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Կենտրոն, Զեյթուն վարչական շրջաններում, նրանք բարձրախոսներով իրազեկող հայտարարություններ կատարեցին, շենքերի բակերում, փողոցներում և այլ հանրային վայրերում հանդիպումներ ունեցան քաղաքացիների հետ, զրույցներ անցկացրին նրանց հետ, բաժանեցին իրազեկման թռուցիկներ։ «Ա1+»—ի հետ զրույցում ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ մայիսի 27-ին տեղի ունենալիք «Մեծ երթին» պատրաստակամություն են հայտնել ներկա գտնվել մեծաթիվ քաղաքացիներ։ «Նրանք մեզ հետ զրույցներում նշում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ծանր բեռ է դառնալու իրենց ընտանեկան բյուջեների վրա և պատրաստակամություն են հայտնում միանալ մեր նախաձեռնած պայքարին»,-ասում է նա։ Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հատկապես կարևորում է իրազեկման ավտոերթի իրականացումը. «Մենք նախաձեռնել ենք այս պայքարը, քանի որ այն վերաբերվում է բոլորիս և թույլ չենք տալու էլեկտրաէներգիայի սակագինը ապօրինաբար բարձրացնել։ Մենք մեր հայրենակիցներին կոչ ենք անում մայիսի 27-ին գալ Ազատության հրապարակ և մեզ հետ միասին պայքար ծավալել էլէկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ»,-նշում է ակտիվիստը։     ակցիա3 ակցիա