Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդը խնդրել է 5 րոպեով գա, ցավակցի գնա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
535f90f82dc7f_thumbnail

Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսեթիայի խորհրդարանի ղեկավարի մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումն ամենեւին էլ դիվանագիտական սկանդալի պատճառ չէ, կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Դա պաշտոնական հանդիպում չի եղել, դա եղել է անձնական, մարդը խնդրել է 5 րոպեով գա, ցավակցի գնա, , մարդը եկել, ցավակցել եւ գնացել է»։ Փաստն այն է, որ Վրաստանը պաշտոնական անհանգստություն է հայտնել այդ հանդիպման առիթով եւ պարզաբանման համար Արտգործնախարարություն է հրավիրել Յուրի Վարդանյանին «Էլ չի անհանգստանա»,- ընդգծում է Վահրամ Բաղդասարյանը։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանը զարմանում է՝ ի՞նչ է եղել, մարդն իր ոտքով եկել է հանդիպման, ի՞նչ պետք է աներ Գալուստ Սահակյանը. «Ծանոթություն կա, բան կա, հայտարարում ա, որ պաշտոնական չի եղել, եկել ա ստեղ, չընդունե՞նք»։ Պարոն Ռուստամյանը խորհուրդ չի տա հեռուն գնացող հետեւություններ անել տեղի ունեցածից, բայց, համենայնդես, կտեղեկացնի. «Մնացած բոլոր երկրները, որոնց որ թվում է, որ այն երկրները, որոնք չեն ճանաչվել, ուրեմն իրավունք չունեն որեւէ տեղ այցելել կամ հարաբերություններ ունենալ, չարաչար սխալվում են։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ էդ ամենը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ»։ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հույս ունի, որ վրացիները մեծ սրություն չեն հաղորդի այս դիվանագիտական սկանդալին, քանի որ Հայաստանը Հարավային Օսեթիայի անկախությունը չի ճանաչել. «Եթե ես լինեի, գուցե չհանդիպեի»։ Հիշեցնենք, որ հարավօսեթիական լրատվամիջոցներն անդրադառնալով այդ հանդիպմանը գրել էին, որ Անատոլի Բիբիլովը, որպես դիտորդ, Լեռնային Ղարաբաղ է մեկնել Գալուստ Սահակյանի հրավերով, որից հետո նրանք հանդիպել են եւ քննարկել հարցեր։ Միաժամանակ Բիբիլովը պարոն Սահակյանին շնորհավորել է գարնան եւ աշխատանքի տոների առիթով։ Ավելի ուշ Հարավային Օսեթիայի խորհրդարանի միջպետական կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել եւ նշել, որ Բիբիլովը Ղարաբաղ է մեկնել հենց Արցախի Ազգային Ժողովի հրավերով։ Շնորհավորանքներն իրականում ուղղված են եղել հենց Ղարաբաղի ղեկավարությանը։ Իսկ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման հաղորդագրությունում առկա են անճշտություններ։