Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլեշ-մոբ Երեւանում. Մի զբաղեցրեք հաշմանդամություն ունեցողի տեղը (տեսանյութ)

Հասարակություն
Unison-2

Ամբողջ Եվրոպան այսօր նշում է հաշմանդամություն ունեցող անձանց Անկախ կյանքի օրը։ Մեր երկիրն էլ անմասն չի մնում միջոցառումներից։ 2 տարի առաջ ստեղծված «Անկախ կյանքի հայկական ցանց»-ը՝ «Ունիսոն» ՀԿ հետ համատեղ Երեւանում անցկացնում է ֆլեշ-մոբ։ Այն ուղղված է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կայանատեղիների՝ վարորդների կողմից զբաղեցման խնդրին։ «Դա այն պարկինգներն են, որոնք հատկացրել է Երևանի քաղաքապետարանը մեզ համար։ Հատուկ գծանշումներ կան, հատուկ նշաններ ունեն հաշմանդամություն ունեցող վարորդներ և հաշմանդամություն ունեցող անձին տեղափոխող մեքենաներ։ Սակայն գրեթե միշտ այդ տեղերը զբաղեցված են լինում այլ մեքենաներով, որոնք դրա իրավունքը չունեն»,-ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ Նա շեշտում է՝ ակցիան ուղղված չէ ոչ ոքի դեմ, այլ արվում է հանուն իրենց իրավունքի իրացման։ Ակցիայի մասնակիցներից, 2 տարի ՏԿԱԻՆ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնում աշխատող Մարիամ Հայրապետյանը «Ունիսոն» -ի աջակցությամբ է իր աշխատանքը գտել։ «Շատ գոհ եմ թե աշխատանքից, թե ընկերական շրջապատից։ Այնտեղ մեզ համար հարմարությունը, ամեն բան նախատեսված է, մենք որևէ խնդիր չունենք տեղաշարժման հարցում»,-նշում է նա։ Իսկ գործատուներին հորդորում է ջանքեր ներդնել՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի նրանք աշխատեն և զգան իրենց պիտանի քաղաքացի։ Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկած ֆլեշ-մոբը ձգվեց մինչև Թումանյան փողոց։ Մասնակիցներն իրազեկող թերթիկներ փակցրին մեքենաներին՝ հույս ունենալով, որ վարորդները կտեսնեն և հաջորդ անգամ իրենց համար նախատեսված կայանատեղիներում չեն կանգնի։ Այս խնդիրն ամբողջ աշխարհում է առկա։ Շատ երկրներում օրինազանց վարորդները տուգանվում են։