Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն կրկին կարճել է «Ա1+»-ի լրագրողի գործով վարույթը

Հասարակություն
hakaharvac_2

Հատուկ քննչական ծառայությունը կրկին որոշել է՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ որոշել՝ գործով վարույթը կարճել՝վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Քննիչը եզրակացրել է. «Կ.Հայրապետյանի արարքում բացակայում են Մարինե Խաչատրյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ վերջինիս գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 185-րդ եւ 186-րդ հոդվածների 1-ին մասերով եւ 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերը»։ Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Կարեն Հայրապետյանը երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ Իսկ ներկայանալուց հետո եւս խոչընդոտել է լրագրողի աշխատանքը՝թույլ չտալով տեսանկարահանումը շարունակել։ Խոչընդոտելու դեպքերը ներկայացված են այլ լրատվամիջոցների կողմից արված տեսանյութերում։ Մինչ այսօր Մարինե Խաչատրյանը մի քանի անգամ եւս հրավիրվել է լրացուցիչ հարցաքննությունների։