Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ հասկանում` այս մարդու ելույթները նայող չկա՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan-1

ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին գրեթե բոլոր պատգամավորները խոսեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից ու աշխարհի արձագանքից: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը որոշեց խոսել մայրենի լեզվի աղավաղումներից եւ հատկապես պաշտոնյաների կողմից այն անտեսելուց։ Նա անդրադարձավ հատկապես ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցին: Պարոն Մանուկյանը հերթականությամբ սկսեց թվարկել այն բոլոր քերականական ու լեզվական սխալները, որոնք ռուսերենում թույլ է տվել Սերժ Սարգսյանը. «Չեմ հասկանում` այս մարդու ելույթները նայող չկա՞: Շատերն են այս ելույթից հետո ամոթ զգացել: Կարող ես նրան չընդունել որպես ՀՀ նախագահ, սակայն նա այդ պարագայում ՀՀ-ն էր ներկայացնում: Ու այս լեզվական խնդիրները միայն վերեւներում չէ»: Արամ Մանուկյանը եւս մեկ անգամ խոսեց օտարամոլ դիմելաձեւերի մասին. «Քանի անգամ եմ ասել, որ վերացրեք այստեղ «-իչ»-ով դիմելաձեւից: Սա մոնղոլական ավանդույթ է: Հայկական ազգանուններն այնքան մեծ ինֆորմացիա են պարունակում, որ պետք չէ դրանք աղավաղել»: Ինչ վերաբերում է հեռուստաեթերին, ապա պարոն Մանուկյանը նշեց, որ այն վերածվել է աղբանոցի, որը նայելիս ֆիզիկական ցավ է պատճառում. «Այն հեռուստախաղը` «Ինչ, որտեղ, երբ», ինչո՞ւ է ռուսերեն: Դուք խախտում եք օրենքը: Ինչ խաղ ուզում եք խաղացեք, ինչ լեզվով ուզում եք, սակայն եթեր մի տվեք: Անգամ Կրթության եւ գիտության նախարարն է ռուսերեն խոսում այդ խաղի ընթացքում: Լեզուն քո արժանապատվության խնդիրն է. եթե այստեղ չեք պահպանելու, ապա որտեղ եք պահպանելու այն»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը մինչ կսկսեր իր ելույթը, հայտարարեց. «Ես ամեն անգամ զարմանում եմ մի խումբ պատգամավորների վրա, որոնց նախանձը խեղդում է իրենց: Սակայն ելույթս ավելի կարեւոր է, քան նրանց անդրադառնալը»: Եվ նա կրկին անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջոցառումներին: Ի դեպ, այսօր բոլոր պատգամավորների սեղաններին առաջին անգամ դրված էր հանքային «Նոյ» ջուրը: