Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ կարող են այլեւս չվստահել. տնտեսագետ

Տնտեսություն
world-economy1

Օրերս Արժույթի Միջազգային Հիմնադրամը զեկույց էր հրապարակել, որում 2015 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսել էր 1% անկում, 2016 թվականի համար աճի կանխատեսումը զրոյական է: ԱՄՀ-ի փորձագետները հետաճի հիմնական պատճառը համարում են երկրի արտաքին պարտքի արագ աճը, որը ծանր բեռ է դառնալու տնտեսության համար արդեն այս տարի: Նրանք կոչ էին արել իշխանություններին իրականացնել վճռական գործողություններ՝ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով։ Ապրիլի 14-ին Կառավարությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկից 150 միլիոն դոլարին համարժեք վարկ ներգրավելու մասին: Վարկը, ըստ հաղորդագրության, պետք է ուղղվի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքը շարունակելուն: Մեկ այլ որոշմամբ`Կառավարությունը հավանություն է տվել Համաշխարհային բանկի 52 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրին, որով նախատեսված է 220 կՎ հզորությամբ աշխատող 2 ենթակայանների կապիտալ վերանորոգել: Գործադիրի այսօրվա նիստում էլ հավանության արժանացավ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի արդյունքում Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը Հայաստանին պետք է տրամադրի 30 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ վարկ: Արտաքին պարտքի մեծացումը, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, տնտեսական առումով բացասական երևույթ է: Ըստ նրա` Հայաստանի ունեցած արտաքին պարտքի ծավալը ներկայումս վտանգ չի ներկայացնում, քանի որ պետությունը դեռևս կարողանում է սպասարկել այն: «Տնտեսական առաջընթաց չապահովելու դեպքում, սակայն, շատ ավելի դժվար կդառնա նոր վարկային միջոցների ներգրավումը տնտեսություն, քանի որ միջազգային գործընկերներն այդ դեպքում սկսելու են չվստահել և նոր վարկային միջոցներ են տրամադրելու շատ ավելի բարձր տոկոսադրույքներով»,- համոզված է տնտեսագետը: