Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա.Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին

Քաղաքականություն
աղվան

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնության ապահովման, կարողութունների զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը։ «Քննչական կոմիտեն նախաքննություն իրականացնող մարմին է` կոչված ապահովելու հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու, թե իրավապահ մարմինները, քննչական մարմինները ինչպիսի քայլեր են իրականացնում՝ հանցագործությունները բացահայտելու, հանցագործության հետևանքով խախտված իրենց իրավունքները վերականգնելու, օրինականություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ արձանագրելով, որ կոմիտեի պաշտոնական կայք-էջը, որը մշակվել է ԵԱՀԿ-ի աջակցությամբ, ուղղված է ապահովելու քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի իրացումը: «Կոմիտեի գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ հաճախ սահմանափակվում են քրեական դատավարության ընթացքում ներգրավված անձանց իրավունքները եւ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում խստագույնս պահպանվի օրինականությունը: Վստահ եմ, որ հրապարակայնության ապահովումը կնպաստի ոչ միայն կոմիտեի ամենօրյա աշխատանքի մասին ընդհանուր տեղեկացվածությանը, այլ նաեւ՝ քաղաքացիների՝ իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը», - ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը: Անդրադառնալով Քննչական կոմիտեի տեխնիկական վերազինմանը` Ա.Հովսեփյանը կարեւորել է տարածքային եւ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների համար անհրաժեշտ աշխատանքային պայամանների ստեղծումը, որն էապես ազդում է կոնկրետ քրեական գործերով նախաքննության կազմակերպման որակի եւ արդյունավետության վրա: Հատկապես կարեւորվել է տեղեկատվական բազաների ստեղծումը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած տեխնիկական աջակցությամբ մայրաքաղաքի երկու քննչական բաժնում փորձարկվում է քրեական գործերի նյութերի թվայնացումը: Փորձնական ծրագրի արդյունքներով կքննարկվի քննչական բոլոր տարածքային ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման ներդրման հարցը, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեղեկատվական բազաներ, հետագայում ունենալ նաեւ ներքին ցանց եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, դա էլ իր հերթին կնպաստի պետական միջոցների խնայողությանը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան քրեական արդարադատության համակարգի խթանումը, որին և, հուսով են, կնպաստեն այս ջանքերը: Կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր եւ նախանշել այն զարգացնելու նոր ուղղություններ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին