Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի գործով բժշկական փաստաթղթերն անփույթ են ձեւակերպված

Հասարակություն
vardan41

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով նոր բողոք է ներկայացվել՝ բժշկական փաստաթղթերը կեղծելու պատճառաբանությամբ։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, տուժող կողմը կասկածի տակ է առել 2 փաստաթուղթ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տրամադրած Վարդան Պետրոսյանի հիվանդության նկարագրության արձանագրությունը եւ Եղվարդի բժշկական կենտրոնի կողմից՝ սթափության վիճակի մասին արձանագրությունը։ Նրա խոսքերով՝ այդ ժամանակ Վարդան Պետրոսյանը գտնվել է կյանքին սպառնացող ծանր վիճակում, հետեւաբար փաստաթղթերի կեղծման մասին խոսք անգամ լինել չէր կարող։ «Ոչ իր գործով է հարուցվել, ոչ իր առնչությամբ։ Բոլոր բժշկական փաստաթղթերը գտնվել են բժիշկների, քննիչի կամ դատաբժշկի տիրապետման տակ։ Բոլոր բժշկական փաստաթղթերը կցված են քրեական գործին»,-ասաց փաստաբանը։ Նիկոլայ Բաղդասարյանը ուսումնասիրել է այդ փաստաթղթերը եւ եկել եզրակացության՝ անփույթ ձեւակերպումները, որ տրվել են բժիշկների կողմից, բացառապես ի վնաս Վարդան Պետրոսյանի է արվել։ «Բողոքող անձ որ լիներ, պետք է լիներ միայն Վարդան Պետրոսյանը, որովհետեւ անփութորեն ձեւակերպումները ի վնաս նրա է արվել, ոչ թե ի օգուտ։ Տուժող կողմի ցանկությունները տրամաբանության մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում», -ասաց նա։ Ըստ փաստաբանի՝ փաստաթղթերում ջնջումներ, ուղղումներ կան։   Վերջում փաստաբանը եզրակացնում է՝ այս քրեական գործը հեռանկար ունենալ չի կարող։ Հիշեցնենք՝ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2013թ. հոկտեմբերի 20-ին՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վարդան Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Վթարի արդյունքում երկու անչափահաս երեխա էր մահացել։